տեղադրվել է ժամը 11։51- ին
վերջին լրացումը 19։21- ին
Շնորհավորանքներ՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն՝ թիմին միանալու համար: Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստն սկսում է շնորհավորանքներով: Այսօր էլ գործադիրի հերթական նիստին ներկա նորանշանակ նախարարներ կային՝ առողջապահության, մշակույթի, սպորտի ու երիտասարդության հարցերի, ովքեր ընդամենը երկու օր առաջ են ստանձնել իրենց պաշտոնը, նաև՝ էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը, ով այժմ զբաղեցնում է բնապահպանության նախարարի պաշտոնը: Շնորհավորանքներից հետո վարչապետը հանձնարարություններ է տվել կառավարության անդամներին՝ մեկ անգամ ևս հորդորելով հնարավորինս հակիրճ ձևակերպել մտքերը, կառավարության նիստերին էլ նախագծերը հնարավորինս պատրաստված ներկայացնել: Կառավարությունն այսօր հաստատել է «2017թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Այն սահմանված կարգով խորհրդարան կներկայացվի: «Պահպանողական լինենք ու գոտիները ձգենք»,- հորդորել է ֆինանսների նախարարը: Գրեթե նմանատիպ առաջարկով նաև վարչապետն է հանդես եկել:
Շուրջ հինգ տասնյակ հարցեր, շնորհավորանքներ , հանձնարարություններ՝ կոնկրետ ժամկետներով, քննարկումներ. հերթական նիստ կառավարությունում։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարն, օրինակ, մեկամսյա ժամկետում համագործակցելով էկոնոմիկայի, սպորտի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հետ պետք է ուսումնասիրի եւ տարածքների զարգացման ռազմավարությանը համապատասխան առաջարկություններ ներկայացնի, «որպեսզի մենք ունենանք հասկանալի վեկտոր, թե ուր ենք գնում, յուրաքանչյուր գերատեսչություն իր զարգացումը պիտի տեսնի, պետք է համատեղի նաև տարածքային և ռեգիոնալ զարգացման հետ»՝ ասաց վարչապետը։
ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի արդյունավետ աշխատանքը նույնպես մանրադիտակի տակ է: Գնումների համակարգի շուրջ նույնպես ուշադիր պետք է լինել: Կառավարությունն այսօր հաստատեց «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: «Պարզեցրել ենք համակարգը, ավելի թափանցիկ դարձրել»,- տեղեկացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով նաև՝ մրցակցային հարցն են կարգավորել:
Օրակարգում նաև հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի հաստատումն էր: «Իրատեսական բյուջե». 2017թ պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ֆինանսների նախարարը հաճախ էր փաստաթուղթն այսպես բնութագրում: Գործադիրն այսօր հաստատեց հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշեցնում է. «Երկու տարի անընդմեջ մենք շոկի մեջ ենք, որպեսզի այն փոխհատուցվի, հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է ընդլայնողական լինի: Պետական պակասուրդն անընդհատ աճել է ու հանգեցրել է պարտքի բարձր մակարդակի: 2017-ի համար կայունացման բյուջե ունենալու գերխնդիր է դրվել: «Կոշտ բյուջե». 2017թ ֆինանսական փաստաթուղթն այսպես է բնորոշում վարչապետ Կարեն Կարապետյանը։
Հարկաբյուջետային կայունացմամբ աստիճանաբար կարգավորել պետական պարտքի մակարդակը՝ ասում է ֆինանսների նախարարն ու ներկայացնում հաջորդ տարվա բյուջեի հիմնական ցուցանիշերը՝ ծախսերի մասով պահպանողական են, պակասուրդը նախատեսված է 2,8 տոկոս՝ այս տարվա պակասուրդից կրկնակի ցածր։ 40 մլրդ դրամով ավելացող ծախսերի մեջ միջազգային պարտավորություններն են հաշվի առնված։ Այստեղ, ի դեպ, 18,5 մլրդը պետական պարտքն է: Հաջորդ տարվա համար 3,2 տոկոս տնտեսական աճ է նախատեսվում: «Եկամուտների մասով նախատեսել ենք 1 տրլն 210 մլրդ դրամ, ծախսերի մասով նախագծել ենք 1 տրլն 360 մլրդ։ Արդյունքում՝ դեֆիցիտը 150 մլրդ դրամ է կազմելու։ Տնտեսական աճը՝ 3,2 տոկոս»:
Ամենայն հավանականությամբ՝ շուրջ 300 մլրդ դրամի պակասուրդ կունենանք 2016թ , 2017-ին՝ դրա համար պակասուրդի կտրուկ կրճատում կլինի:
Երկու տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը ՀՆԱ- ի 47,3 տոկոսից դարձել է 54,4 տոկոս: Կանխատեսումների համաձայն, 2016 թ պարտքի այս բեռով կփակենք: Այս բյուջեն նախորդներից տարբերվող մեկ այլ առանձնահատկություն էլ ունի: Նոր փաստաթղթում պետք է ներառվի նաև սահմանադրական փոփոխություններից հետո սպասվող ծախսերը:
Սրա մասին հիշեցրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը՝ նշելով՝ 101 պատգամավորների թիվ է հաշվարկվել, մինչդեռ նվազագույնն ունենալու ենք 104 պատգամավոր: Երեք տեղակալի փոխարեն էլ խորհրդարանը կունենա չորս տեղակալ: