Մշակույթ

Գրահրատարակչություն եւ կինո. նորանշանակ նախարարն ունի կոնկրետ ծրագրեր

hasmikdilanyan

«Պետք չէ սպասել, պետք է առաջին իսկ օրվանից նետվել գործի մեջ,  իսկ ընթացքում խնդիրները շտկելով կշարժվենք առաջ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Ընդգծելով  իր առաջնահերթ անելիքները՝ նախարարը նշել է, որ գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլն է, որը պետք է վերանայել՝ «սկսելով նոր տիպի գրախանութների ստեղծումից, որը կդառնա ընտանեկան հանգստի կենտրոն»։ Նախարարն առավել քան համոզված է, որ նման գրախանութները կնպաստեն գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլի բիզնես զարգացմանը՝ «հրատարակչությունից,  գրողներից եկամուտներից  սկսած  և ընդհանրապես գրականության սպառման առումով»:

Արմեն Ամիրյանը նշեց, որ այս փորձը պետք է տեղայնացնել ամբողջ հանրապետությունով մեկ, իսկ փորձը կսկսեն Երևանից: Նրա խոսքով, մեկ ներդրողի միջոցով երևանյան օրինակը  կարող է  ամբողջ հանրապետությունում օրինակ դառնալ:

Մշակույթի նախարարն անդրադարձել է նաև  գրադարանների թվայնացման խնդրի։ «Այն ծրագրի մասին, ինչ խոսում ենք, դա ներառում է  նաև թվայնացում, ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծում Հայաստան, որովհետև ամբողջ Հայաստանն արդեն օգտագործում է թվային գրքեր, որով հնարավոր է գրքեր կարդալ, բայց Հայաստանում, ցավոք սրտի, այդ պակասը կա: Դա նաև այդ ճյուղն իր մեջ կներառի»։

Նախարարը խոստացել է   նաև առաջիկա 1-2 օրվա  ընթացքում անդրադառնալ  «Նոյյան տապան» գրախանութի փակման և տեղափոխման հարցին: «Խորհրդակցության եմ հրավիրելու ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչներին, որը մեզ հնարավորություն կտա կողմնորոշվելու, ճիշտ ճանապարհով շարժվելու»: Արմեն Ամիրյանի փոխանցմամբ  «Կինոյի մասին  օրենքի»  ընդունումը նույնպես նորանշանակ նախարարի  աշխատանքային գործունեության օրակարգում է։ ։ «Այն հնարավորություն է  տալու արտաքին ներդրողներին ՝ արտաքին պրոդյուսերական կենտրոններին ու կազմակերպություններին, որոնք նկարահանումներ կանեն  Հայաստանում, ազատել որոշակի հարկատեսակներից: Դա, ըստ իս, կխթանի կինոարտադրությունը Հայաստանում, ինչպես նաև դա կարող է դառնալ Հայաստանը արտերկում լավագույնս  ներկայացնելու միջոց: Պետք է համատեղ նախագծեր նախատեսել ռուսական շուկայի համար, չինական շուկայի համար, նաև իրանական շուկայի համար: Ես նախատեսում եմ առաջիկայում համապատասխան պրոդյուսերական կենտրոնների հետ հանդիպում, առաջին հերթին ռուսական շուկայի, որովհետև  շատ հեշտ է, այնտեղ հիմնականում աշխատում են մեր հայրենակիցները:

«Թատրոնի մասին» օրենքի շուրջ դեռ չի մտածել Արմեն Ամիրյանը։ «Թատրոնի մասին » օրենքի մասին դեռ չեմ մտածել, կարծում եմ, որ այնքան էլ այս պահին առաջնահերթություն չկա,  թեպետ պետք է ուսումնասիրել, որովհետև կինոն ավելի բիզնես է, քան՝ թատրոնը, այս առումով, իսկ բիզնեսին պետք է տալ  իրավունքներ, հնարավորություններ, զիջումներ, օգնություն, որպեսզի բիզնեսը զարգանա»։

Նշենք նաև, որ ՀՀ մշակույթի նախարարը բաց և թափանցիկ աշխատելու կողմնակից է: Նա, ինչպես պաշտոնը ստանձնելու առաջին օրը, այնպես էլ այսօր մի քանի անգամ լրագրողներին հորդորել է ներկա գտնվել նախարարության հրավիրած խորհրդակցություններին: «Եվ պիտի խնդրեմ ձեզ սիրելի գործընկերներ, հնարավորինս շատ լուսաբանել և մոտ կանգնել մեր խնդիրներին, որպեսզի մենք կարողանանք հանրության ձայնը ձեր միջոցով ստանալ, և համապատասխան քայլերը ճիշտ անել, հանկարծ չշեղվել մատնանշված ուղիներից: Խնդրում եմ ձեզ, լուսաբանեք, մոտ կանգնեք մեր ոլորտին, որքան որ հնարավոր է»,- եզրափակեց նախարարը:

Back to top button