Հասարակություն

Շնորհավորանքներ ու հանձնարարականներ

hasmikdilanyan
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց կառավարության նորանշանակ նախարներին: Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանին, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին շնորհակալություն հայտնեց, որ համաձայնվել են աշխատել կառավարության կազմում:

«Պարոն Մինասյանին նոր անդամ համարենք, թե ոչ»,- անդրադառնալով Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ կեսկատակ նշել է ՀՀ վարչապետը:

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի հանձանարարականներ է տվել նախարարներին: Նա տեղեկացրել է, որ վերջին օրերին սպառողների միության ներկայացուցիչների ու գործարարների հետ հանդիպումների ժամանակ շատ է խոսվել սննդի անվտանգության ու պաշտպանության մասին:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել այդ հարցը՝ հաշվի առնելով հնչեցված մտահոգությունները և դժգոհությունները:

Գյուղնախարարը միաժամանակ այդ ընթացքում պետք է շեշտը դնի նաև հարցին՝ արդյոք սննդի լաբորատորիան պետք է անկախ մարմին լինի, թե՞ ոչ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել:

Այս նիստի ընթացքում հանձանարարականներ են ստացել նաև էկոնոմիկայի, ֆինանսների, տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունները: Նրանք պետք է գույքագրեն սեփականաշնորհված ու տարիների ընթացքում չաշխատող գույքը, մշակեն ու ներկայացնեն չօգտագործվող անշարժ գույքի շահագործման խթանմանն ուղղված տնտեսական, իրավական կամ այլ մեխանիզմենրի ներդրման համակարգային առաջարկություն: «Մենք պետք է սեփականատերերին փորձենք մոտիվացնել ու ակտիվացնել, որպեսզի այդ գույքը աշխատի»,- ասել է վարչապետը:

Գնումների համակարգի վերաբերյալ նույնպես հանձնարարական է տրվել .«Մենք գնումները կանոնակարգելու խնդիր ունենք, ելնելով դրանից հանձնարարվում է աշխատակազմի ղեկավար նախարարին քննարկել կենտրոնացված կարգով գնումների կազմակերպման մեխանիզմի ներդրման հնարավորությունը, ներկայացնել առաջարկություն, թե որ ապրանքներն ու ծառայություններ են նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով: Միաժամանակ պետք է առաջարկենք գնման մեխանիզմները: Մենք գնումներ կազմակերպող բազմաթիվ կազմակերպություններ ունենք, և կարծում եմ այստեղ ծախսերի և նվազեցման, և նաև գների ճշտման ավելի կառավարելի համակարգ կարող ենք ունենալ»:

Back to top button