Քաղաքական

Հինգ տարում ՀՀ ԶՈՒ սպառազինությունն զգալի ավելացել է. Ռոշբլուանը՝ Հայաստանում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին:

Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ֆրանսուա Ռոշբլուանին՝ միջազգային հարթակներում Հայաստանի շահերը պաշտպանելու եւ մշտապես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կողքին լինելու համար:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, Գալուստ Սահակյանը նշել է, որ Ֆրանսիայի կողմից 2001թ. ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը կատարյալ կդառնա, եթե ուղեկցվի Ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող օրենքով: ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետեւողական կլինի նոր օրինագծի ներկայացման եւ ընդունման հարցում՝ հաշվի առնելով նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանձնառությունը:

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ ինքն այստեղ է գտնվում Հայաստանի եւ Ղարաբաղի անկախության 25-ամյակը տոնելու օրերին: Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է, որ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին եւս մասնակցել է, եւ նա՝ որպես Հայաստանի բարեկամ, գոհունակությամբ փաստել է, որ նախորդ հինգ տարիների ընթացքում ՀՀ բանակի սպառազինությունը զգալի ավելացել Է:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ ֆրանսիացի խորհրդարանականը հույս է հայտնել, որ չնայած առկա դժվարություններին՝ Ֆրանսիայի Սենատը կընդունի օրենք, որը կամբողջացնի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու կքրեականացնի ժխտումը:

Խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ֆրանսիացի խորհրդարանականը հույս է հայտնել, որ այլեւս երբեք չեն կրկնվի նման դեպքեր: Նա նշել է, որ ինքն արդեն 13-րդ անգամ է այցելում Լեռնային Ղարաբաղ. ապրիլյան իրադարձություններից հետո եղել է Թալիշում եւ Մատաղիսում, տեղում ծանոթացել իրավիճակին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին, գալիք խորհրդարանական ընտրություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանի ուղեկցությամբ այսօր  այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը: Այնուհետեւ նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացել ցուցանմուշներին:

Ֆրանսուա Ռոշբլուանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում, եղեւնի տնկել Հիշողության պուրակում:

«Ես ամեն անգամ հուզվում եմ՝ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կուզենայի հատուկ շեշտել, որ այս ծառը ոչ միայն իմ անունից է տնկված, այլեւ Ֆրանսիայի բոլոր այն պատգամավորների, ովքեր կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծին»,- ասել է պարոն Ռոշբլուանը եւ կարեւորել Հայոց ցեղասպանության եւ առհասարակ բոլոր ցեղասպանությունների դատապարտումը:

Back to top button