Հասարակություն

«Ոսկե բանալի»` առողջապահության նախարարությանը

hasmikmartirosyan
Այսօր հայտնի է դարձել ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն 2016-ի հաղթողների անունը: Առողջապահության նախարարությունը՝ ամենբաց գերատեսչություն է ճանաչվել, իսկ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ինչպես նաև գերտեսչության հասարակայության հետ կապերի վարչության անձնակազմը՝  արժանացել են հատուկ մրցանակի, որպես ապրիլյան պատերազմի օրերին ամենաակտիվ տեղեկետվություն փոխանցող և տարածող  անձնակազմ: Տեղեկացնենք, որ այսօր ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմանադրման 15-րդ տարեդարձն էր, և տոնի կապակցությամբ կազմակերպությունը անակնկալ էր պատրասատել: 

 

14-րդ անգամ այսօր անցկացվեց «Ոսկե բանալի» և «Ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը կազմակերպում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։ Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ «Ոսկե բանալին», բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ է, իսկ բացասականը՝ «Ժանգոտ կողպեքը»՝ փակ աշխատանքի։ Ի դեպ, այսօր կենտրոնի հիմնադրման 15- րդ ամյակն է և Տեղեկատվության ազատության միջազգային օրը։ Օրը նշանավորվեց 7 «Ոսկե բանալի»- ների հանձնումով։ Ո՞վ է 2015 թվականի ամենաբաց գերատեսչությունը, և ի՞նչ չափորոշիչներով են ընտրվում մրցանակակիրները: Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանի՝ մրցանակակիրներին որոշում է տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից, լրագրողներից, ոլորտի փորձագետներից կազմված անկախ ժյուրին, որի անդամներն ամփոփում են իրենց և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի մոնիտորինգների արդյունքները, քննարկում են նաև կենտրոնի եռամսյակային «սեւ» ցուցակները, որում ընդգրկվում են տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաներն ու գերատեսչությունները: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը հզոր գործիք է կոռուպցիայի դեմ պայքարում, և այս տարի կառավարության կողմից մեծ քայլեր արվեցին այդ ուղղությամբ»,- իր խոսքում նշեց Լիանա Դոյդոյանը:

«Տեղեկատվության ազատությունը և դրա հետ կապված օրենսդրական նախաձեռնություններն արդյունավետ միջոց կարող են դառնալ կառավարությանն աջակցելու և բաց, թափանցիկ կառավարման համակարգ ստեղծելու համար»:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանին շնորհվեց «Ոսկե բանալի»՝ «Բաց կառավարման գործունեություն» միջազգային նախաձեռնության շրջանակում Հայաստանյան  գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույնս իրականացման համար: Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարը նշեց, որ տեղեկատվություն ստանալու իրավունքը առանձնահատուկ շարժիչ ուժ է մարդու հիմնարար իրավունքների իրացման համար:

«Ես խորապես համոզված եմ, որ այս իրավունքի իրականացումը իսկապես ծառայելու է երկրի բարեկեցության բարձրացմանը և պատահական չէ, որ հիմա կառավարությունը այս պահին քննարկում է և գրեթե ավարտական փուլում է գտնվում Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման նոր հայեցակարգը»:

Վայոց ձորի մարզպետարանին կայքը ճանաչվեց տեղեկատվություն տրամադրելու լավագույն ինտերնետային պաշտոնական կայք, իսկ տեղեկատվություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպությունը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ- ն է:

Օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող անվանակարգում «Ոսկե բանալին» հանձնվեց՝ «Սիվիլնեթի» աշխատակից Արման Սուլեյմանյանին, իսկ տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց է ճանաչվեց «Ասպարեզ» օրաթերթը: Քանի որ այս տարի հոբելյանական էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի համար, նախատեսված էր նաև հատուկ մրցանակ, որը հանձնվեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին և գերատեսչության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներին: Ի դեպ, այս տարի չունեցանք «Ժանգոտ կողպեք» անվանակարգում հաղթող, չնայած, որ հավակնորդներ՝ ըստ կազմակերպության ղեկավարի՝ շատ էին։

Պատճառը հենց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 15-ամյա հոբելյանն էր։ Լիանա Դոյդոյանը նշեց, որ դեռ շատ կառույցներ շարունակում են փակ աշխատել, դրանց թվում են՝ կոմիտեներ և նաև նախարարություններ, որոնց անունները կհրապարակվեն լրացուցիչ:

Back to top button