ԿարևորՔաղաքական

Հայաստանում սեպտեմբերյան հեղափոխություն չի եղել՝ ԱԺ- ում ասել է Էդ. Շարմազանովը

lusinevasilyan

Խորհրդարանն այսօր շարունակել է կառավարության նախաձեռնությամբ  հրավիրված արտահերթ նիստի աշխատանքը, որի օրակարգում մոտ երկու տասնյակ օրինագծեր են: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունել են կառավարության կառուցվածքում փոփոխություններ առաջարկող  օրինագիծը: Դրանով, հիշեցնենք,  նախատեսվում է  անվանափոխել մի շարք նախարարություններ  և մեկով կրճատել դրանց թիվը:  Պատգամավորներն այսօր հասցրել են անդրադառնալ նաև մաքսային կարգավորումներին, համայնքների ֆինանսական հարթեցմանը,  վարչական իրավախախտումներին:  Քննարկումների մեխը, միևնույնն է, շարունակել է մնալ կառավարության ձևավորման ու փոփոխությունների թեման: Հնի ու նորի բանավեճում  փորձել է հստակություն մտցնել ԱԺ փոխնախագահը. սեպտեմբերյան հեղափոխություն Հայաստանում չի եղել ՝ հայտարարել է Էդուարդ Շարմազանովը:

 

Կառավարության կառուցվածքում փոփոխություններ առաջարկող նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց ձայների 77 կողմ, 2 դեմ,  9 ձեռնպահ հարաբերակցությամբ: Գործադիրի կառուցվածքը փոփոխելուն կողմ էին կոալիցիոն կուսակցությունները՝ Հանրապետականն ու Դաշնակցությունը, ընդդիմադիրները դեմ էին, ձեռնպահ կամ բացակա:

Օրինագծով, հիշեցնեմ,  նախատեսվում է  անվանափոխել մի շարք նախարարություններ  և մեկով կրճատել դրանց թիվը:  Անվանափոխվողների մեջ նաև էկոնոմիկայի նախարարությունն էր. այն սկզբում առաջարկվում էր դարձնել ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, հետո առաջարկը վերանայվեց ու ձևակերպվեց որպես տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն: Նախկին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում էր որպես հարցերից մեկի հիմնական զեկուցող։ «Մաքսային կարգավորումների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող  նախագիծը քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ, քննարկումը, սակայն,  նիստերի դահլիճում տևեց ընդամենը մի քանի րոպե: Նրան ուղղված հարցեր  պատգամավորները չունեին, փոխարենը շատ էին Մինասյանին ուղղված լրագրողների հարցերը:

Հիմնական հարցը ՝ արդյոք ընդունել է բնապահպանության նախարար դառնալու առաջարկը, պատասխան ստացավ օրվա երկրորդ կեսին, մինչ այդ Արծվիկ Մինասյանը դեռ հրաժարվում էր մեկնաբանել: Տեղեկությունը չմեկնաբանելով հանդերձ՝  Մինասյանն  այդուհանդերձ բացատրեց, թե ինչ մոտեցումներով կառաջնորդվի նոր պաշտոնում: «Կապ չունի՝ ես որտեղ եմ, որպես էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար էլ կարող եմ բնապահպանական հարցերին պատասխանել: Բնականաբար, այդ ոլորտում պետք է առաջնորդվենք այն սկզբունքներով, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ»:

Փոփոխությունների թեման  խորհրդարանական քննարկումներում առանցքային է՝ անկախ քննարկվող հարցի բնույթից:  Օրինակ,  դրանք  քննարկելու առիթ էր  ֆինանսական համահարթեցման թեման: Կառավարությունը նախագծով  առաջարկում է  դոտացիաների հաշվարկման բազմագործոն համակարգ ներդնել և  համայնքներին ֆինանսներ տրամադրելիս չհիմնվել միայն համայնքի բնակիչների քանակի վրա:

Հրանտ  Բագրատյանն առաջարկվող  մեխանիզմը խճճված է համարում, կարծում է, որ այն չի լուծելու համայնքների ՝ բավարար ֆինանսներ ունենալու հարցը, ավելին ՝ համոզված է, որ  համայնքերի դոտացիայով  քաղաքական հարց է լուծվում:

«Ժառանգությունից» Թևան Պողոսյանը հիմնական զեկուցող փոխնախարարին առաջարկում է  վարչապետին դիմել  մարզպետ դառնալու խնդրանքով ու  համոզվել, թե որոնք են իրական խնդիրները,  ՕԵԿ խմբակցության ղեկավարին էլ այլ հարց է մտահոգում. ինչու է նոր կառավարությունը նախորդի մշակած նախագիծը խորհրդարան բերում: «Ինչու է շտապել այս կառավարությունը, որը մեզ համակարգային փոփոխություններ, Սինգապուր է խոստանում, ինչու է բերել նախորդի գրած առաջարկը»:

Հնի  ու նորի բաժանումը որոշեց պարզաբանել ԱԺ փոխնախագահը: Թե հին կառավարության, թե նորի  քաղաքական պատասխանատուն մենք ենք՝ հայտարարեց  Էդուարդ Շարմազանովը՝ իր խոսքն ուղղելով բոլոր նրանց, ովքեր, իր ձևակերպմամբ փոփոխությունը լավ չեն գիտակցում: «Մենք բարեփոխումների փուլում ենք, ոչ թե սեպտեմբերյան հեղափոխության: Ե՛վ հնի, և՛ նորի տերը մենք ենք, և՛ հին կառավարության, և՛ նոր կառավարության քաղաքական պատասխանատուն մենք ենք»:

Կա շարունակականության և նոր մոտեցումների   խնդիր, կա նոր սկզբից սկսելու անհրաժեշտություն՝ հայտարարեց Շարմազանովը, հավելեց , որ փոփոխությունների քաղաքական օրակարգը հրապարակ է եկել սահմանադրական փոփոխություններից հետո։ Այնպես որ,  ռուբիկոններ պետք չէ գծել և ոչ ռուբիկոնի այս  ու մյուս կողմ տարանջատումներ անել՝ շեշտեց փոխխոսնակն ու եզրափակեց. «Կատու մի փնտրեք այնտեղ, որտեղ չկա, մանավանդ, եթե այդ կատուն ձեր ուսերին է»։

Back to top button