Տնտեսական

Հայաստանում փորձում են զարգացնել նաեւ կրոնական զբոսաշրջությունը

sonahakobyan

Այսօր զբոսաշրջության համաշխարհային օրն է: Տոնը նշվում է 1979 թվականից: Տուրիզմի զարգացմանը միտված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում նաև Հայաստանում: Երևանում հոկտեմբերի 28-ին անցկացվելու է «Welcome to Armenia» խորագրով զբոսաշրջային համաժողովը: Ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը հայտնել է, որ համաժողովը բաղկացած կլինի 2 մասից: Առաջինում պետական կառույցները ներկայացնելու են իրենց տեսլականը զբոսաշրջային տարբեր ուղղությունների զարգացման վերաբերյալ՝ մասնավորապես՝ սպորտային, բնապահպանական, առողջապահական, մշակութային տուրիզմ: Խոսվել ու է նաև կրոնական տուրիզմի մասին:

 

Այսօր զբոսաշրջության համաշխարհային օրն է: Այդ օրը տարբեր երկրներում տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ և փառատոներ՝ նվիրված զբոսաշրջությանը և զբոսաշրջային բիզնեսին: Տոնը նշվում է նաև Հայաստանում: Այն ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հրավիրելու զբոսաշրջության կարևորության և դրա սոցիալական, մշակութային, տնտեսական նշանակության վրա: Այս առումով ոլորտի ներկայացուցիչները շատ են կարևորում  նաև Երևանում հոկտեմբերի 28-ին անցկացվելիք Welcome to Armenia խորագրով զբոսաշրջային համաժողովը, որը կազմակերպում է BPA ընկերությունը:

Ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը հայտնեց, որ համաժողովը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջինում պետական կառույցները ներկայացնելու են իրենց տեսլականը զբոսաշրջային տարբեր ուղղությունների զարգացման վերաբերյալ՝ մասնավորապես՝ սպորտային, բնապահպանական, առողջապահական, մշակութային տուրիզմ:

Անդրադառնալով զբոսաշրջության զարգացման  այլ հնարավորություններին՝  Վրույր Փենեսյանը նշեց, որ Հայաստանն ունի տարածաշրջանում ամենամեծ աղի հանքը: Այն ևս ներկայացվելու է տուրիստական փաթեթների մեջ: Ծրագրով նախատեսվում է, որ տուրիստական փաթեթներում ներկայացվի նաև գինեբուժությունը: Վրույր Փենեսյանը կարծում է, որ այս ուղղությունն արդեն իսկ հաջորդ տարվանից կգործի:  Նախատեսվում է զարգացնել նաև էքստրեմալ և պատմամշակութային տուրիզմը Հայաստանում՝ նշեց ծրագրի համակարգողը:

Ինչ վերաբերում է համաժողովի 2-րդ հատվածին՝ հրավիրվելու են զբոսաշրջային քաղաքների ղեկավարները, ովքեր էլ կներկայացնեն իրենց քաղաքների շարժն ու հնարավորությունները: Մասնավոր հատվածի նմանատիպ  նախաձեռնությանը, ի դեպ, մեծ կարևորություն է տալիս հատկապես պետական գերատեսչությունը: Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ հատկապես հետաքրքրված են Հայաստանում կրոնական և ուխտագնացության զբոսաշրջության զարգացմամբ:

Նշենք, որ զբոսաշրջության համաշխարհային օրը սահմանվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1979թ.՝ իսպանական Տորեմոլինո քաղաքում, և ամեն տարի նշվում է սեպտեմբերի 27-ին:

Back to top button