Կոմիտաս վարդապետը հոգեկան հիվանդ չի եղել, ասում է Վիլ Ժուիֆի մասնագետը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկել է «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Կոմիտասին, նրա գործունեությանը, ժամանակաշրջանին, ինչպես նաև միջնադարյան երաժշտությանը նվիրված զեկուցումներով գիտաժողովում հանդես են եկել անվանի մասնագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Կիպրոսից, Հայաստանից, Ռուսաստանից և Ֆրանսիայից: Գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Վիլ Ժուիֆի հոգեբուժարանի հոգեբույժ Կլոդին Բելամին:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Հայաստանում անցկացվում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, որը կհյուրընկալի կատարողներ Հայաստանից, Ճապոնիայից և Ֆրանսիայից: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկած գիտաժողովը սեպտեմբերի 27-ին և 28-ին կշարունակվի Հաղպատի վանական համալիրում: Հայ և արտասահմանցի մասնագետները կանդրադառնան ինչպես Կոմիտասի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը, այնպես էլ հայ միջնադարյան երաժշտությանն ու կոմպոզիտորական դպրոցին ընդհանրապես:
Արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանի խոսքով՝ կոմիտասագիտությունն անցել է երկար ու բեղուն ճանապարհ: Կոմիտասի մահից հետո ցրիվ եկած նրա ժառանգությունը մասունք առ մասունք հավաքվել է Երևանում, և դրանում մեծ դեր ունի ԳԱԱ գրականության և արվեստի ինստիտուտը, որի նախաձեռնությամբ և կյանքի կոչվեց Կոմիտասի ժառանգության ակադեմիական հրատարակությունը, որի շնորհիվ կոմիտասյան երաժշտությունը հասանելի դարձավ երաժիշտ կատարողներին:
Արվեստի և գրականության ինստիտուտի գիտաշխատողների մի քանի սերնդի ջանքերով ստեղծվել է կոմիտասագիտական գրադարան: Կոմիտասի կյանքին, ստեղծագործական ժառանգությանն են նվիրվել բազմաթիվ աշխատություններ, սակայն որպես ուսումնասիրության աղբյուր նա շարունակում է հետաքրքրել ոչ միայն հայ, այլև օտար մասնագետներին: Արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Արևշատյանի բնորոշմամբ՝ Կոմիտասը ֆենոմենալ երևույթ է ոչ միայն հայ երաժշտության ասպարեզում, այլև հայ իրականության մեջ ընդհանրապես:
Գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում է Վիլ Ժուիֆ հոգեբուժարանի մասնագետ Կլոդին Բելամին: Հիշեցնենք, որ ֆրանսիական այս հոգեբուժարանում Կոմիտաս վարդապետն անցկացրել է կյանքի վերջին տարիները: Հոգեբուժարանում արխիվացված նյութի հիման վրա ֆրանսիացի մասնագետն այսօր անդրադարձավ Կոմիտասի մահվան պատճառներին ու հիվանդության ախտորոշմանը:
«Կոմիտասի հիվանդության մասին արխիվները հայտնի են, և որևէ նոր բան չենք հայտնաբերել։ Կոմիտասը մահացել է սրտի անբավարարությունից և ոսկրախտից: Կոմիտասի մահվան պատճառները հոգեբուժական չեն եղել։ Առ այսօր կա շրջանառվող տեսակետ, որ Հայոց ցեղասպանությունից հետո այդ իրադարձությունների ազդեցության տակ Կոմիտասը հոգեկան խանգարում է ստացել։ Սակայն այսօր կան այլ ուսումնասիրություններ, որոնք հակառակն են պնդում»։
«Վերջին ուսումնասիրությունները փաստում են, որ Կոմիտասն ունեցել է որոշակի ընկճախտային դրսևորումներ, որոնք չեն կարող բնորոշվել որպես հոգեկան հիվանդություն։ Ավելին, կա տեսակետ, որն առհասարակ մերժում է նրա հոգեկան հիվանդ լինելու փաստը»,-ասում է ֆրանսիացի մասնագետը: