ՎերլուծականՔաղաքական

Նորանշանակ նախարարներն ունեն խոստումնալից կենսագրություններ, բայց…

karenghazaryan
Ներկայումս կատարվող բոլոր փոփոխություններն, ըստ էության, ոչ այլ ինչ են, քան կառավարման համակարգում եւ տարբեր տեղամասերում եղած բոլոր խոցելի պահերը շտկելուն ուղղված քայլեր: Այս կարծիքին է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կառավարության փոփոխությանն ու նոր վարչապետի նախաձեռնած բարեփոխումներին այսօր անդրադարձել են նաեւ Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը, հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը եւ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

 

Հայաստանում այսօր համակարգի փոոխության անհրաժեշտություն կա, եւ այդտեղ վարչապետի դերը մեծ է լինելու: Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով, եթե վարաչապետ Կարեն Կարապետյանը որոշել է, որ քայլ առ քայլ համակարգ պիտի փոխի, ապա պիտի ապահովի նաեւ հասարակության լայն ներգրավվածությունը: Նա կարծում է, որ այս պահին հիմնական խնդիրը, որը կարող է վարչապետը լուծել, դա, նրա ձեւակերպմամբ, ստվերը լուսավորելն է:

«Այնքանով, որքանով դա հնարավոր է այս պայմաններում: Արդյոք կկարողանա առաջիկա 2-3 ամսվա ընթացքում Կարեն Կարապետյանը ստվերը լուծավորել այն խորությամբ, որպեսզի այնտեղից դուրս բերի բավական լուրջ գումարներ՝ պատասխանը մենք պիտի ստանանք երեւի թե դեկտեմբերին»:

Լուրջ խնդիրներ են դրված եւ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի թիմով է աշխատելու Կարեն Կարապետյանը, եւ թե հասարակությունը որքանով է նրան պաշտպանելու կամ չի պաշտպանելու՝ հավելեց Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նկատում է, որ նոր վարչապետի նախաձեռնած փոփոխություններն իրականացվում են գոյություն ունեցող հարաբերությունների եւ ձեւավորված-արմատացած  համակարգի պայմաններում: Տնտեսագետի ձեւակերպմամբ՝ դրա ապամոնտաժումը չափազանց վտանգավոր է եւ հղի ահավոր բացասական հետեւանքներով: Հետեւաբար, Վարդան Բոստանջյանը  նույնպես կարեւորում է համախոհների թիմի առկայությունը, որի դեպքում կարծում է կգտնվեն ելքերը՝ մեծ դժվարությունները հաղթահարելու: Կառավարության անդամների արդեն կատարված նշանակումներին անդրադառնալով՝ տնտեսագետն այսպիսի դիտարկում կատարեց.

«Միայն այն հանգամանքը, որ այդ նշանակումները հասարակության մեջ ոչ մի բացասական էմոցիաներ չի առաջացրել այս պահի դրությամբ, արդեն դա լավ է»:

Նշանակվել են մարդիկ, որ կասկածելի հարաբերությունների դաշտում չեն գտնվել, որոշակի արդյունավետություն են ապահովել իրենց գտնված տիրույթներում՝ հավելեց տնտեսագետը: Վարդան Բոստանջյանի գնահատմամբ՝ դա այն, թեկուզ փոքր, հույսն է, համաձայն որի պետք է ենթադրել, որ նման սկզբունքով թիմ ձեւավորելը նշանակում է գործի լավ սկիզբ: Մնացածը ժամանակը ցույց կտա:  Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանի գնահատմամբ՝ արդեն հայտնի նշանակումները ցույց են տալիս, որ վարչապետը հստակորեն իր պայմաններն է առաջադրել: Ըստ նրա՝ փոփոխությունները նաեւ պարտադրված են: Հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը, մինչդեռ, չի կիսում նման կարծիքները: Նա վստահեցնում է, որ իրականացվող բարեփոխումները տնտեսության բարեփոխման, արդյունավետության եւ տնտեսության հարաճուն աճ ապահովելու նպատակ են հետապնդում:

«Կարծում եմ, որ այն նշանակումները, որ արդեն իսկ տեղի են ունեցել, կբերեն տնտեսության բնագավառում ակտիվության աճի եւ համոզված եմ, որ տնտեսական ակտիվության հարաճուն աճ մենք առաջիկայում կտեսնենք»:

Ազատ Դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ասաց, թե համեմատել է նախորդ երկու վարչապետների ելույթները: Նրա խոսքով՝ այնտեղ նկատել է նույն տնտեսական աճի ապահովման պատրաստակամություն եւ հիմա մտահոգված է, որ պատմությունը կարող է պարզապես կրկնվել:

«Կարծում եմ, որ, այնուամենային, սա արատավոր շրջանակ է, որ կրկնվողականությունը եւ սպասողականությունը իրապես քայքայում են Հայաստանի տնտեսական կառուցվածքը»:

Եթե մի բանի բնույթ չփոխվի՝ անվան փոփոխությամբ կամ դերակատարի փոփոխությամբ ոչինչ չի փոխվելու՝ եզրակացրեց Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահը: Նրա խոսքով՝ փոփոխություն կանկնկալի, երբ իշխանությունը հաշվետվություն տա իր անցած սխալների համար եւ լինեն պատասխանատուներ: Այլապես, Անուշ Սեդրակյանի համոզմամբ, իրականացվող բոլոր բարեփոխումները կրկին կմնան թղթի վրա, չնայած  որ, ընդդիմադիր գործչի գնահատմամբ, նոր նշանակված նախարարներն ունեն խոստումնալից կենսագրություններ:

Back to top button