Հասարակություն

Լեզուների հրավառություն՝ Լեզվաբանական համալսարանում

sonahakobyan
Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում այսօր տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ՝ Լեզուների եվրոպական օրվա առթիվ: «ՀՀ առաջնայնությունները լեզվական և լեզվամշակութային կրթության ոլորտում» թեմայով կլոր սեղանի ընթացքում քննարկվել են օտար լեզուների և մշակույթների դասավանդման քաղաքականությունը ՀՀ կրթական հաստատությունններում,  ինչպես նաև փոքրամասնությունների լեզուներն ու դրանց տարածման քաղաքականությունը ՀՀ-ում: Քննարկմանը հաջորդել է Լեզուների եվրոպական օրվան նվիրված տոնավաճառ և համերգային ծրագիր:

Եվրոպական լեզուների իմացությունը միշտ էլ պահանջված է եղել Հայաստանում: Պարզապես, եթե տարիներ առաջ ուսումնական հաստատությունները հիմնականում կենտրոնացած էին դասական լեզուների դասավանդման վրա, այն է՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ապա վերջին տարիներին այնհայտոներն աճել է հետաքրքրությունը դեպի եվրոպական այլ լեզուներ: Հետաքրքրությունը մեծացել է նաև ասիական շատ լեզուների նկատմամբ, ուստի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում եվրոպական և արևելյան բազմաթիվ լեզուների կողքին  այժմ որպես առաջին լեզու դասավանդվում են նաև չինարենը և կորեերենը: Շուտով այս շարքին կմիանա նաև ճապոներենը, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց բուհի ռետոր Գայանե Գասպարյանը:

Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում , ի դեպ, այսօր տոն էր: Նշում էին լեզուների եվրոպական օրը: Բուհի բակում 30 տաղավարներ ներկայացնում էին լեզուների մի յուրահատուկ հրավառություն, նկատեց բուհի կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը:

Զրուցեցինք նաև տաղավարների ներկայացուցիչների հետ:

«Ես Հայաստան եմ եկել Խորվաթիայից Եվրոպական կամավորական ծառայություն ծրագրով: Դասավանդում եմ տարբեր լեզուներ, այդ թվում՝  խորվաթերեն: Կրթական ծրագրերից  բացի մեր տաղավարը ներկայացնում է նաև գերմանական և խորվաթական ուտեստներ, ինչով էլ փորձում ենք գրավել ուսանողներին»:

Խորվաթիայի ներկայացուցիչը «Ռադիոլուրի» հեզ զրույցում հայտնեց, որ բուհում խորվաթերեն ուսումնասիրող ընդամենը մեկ ուսանողուհի կա, ով բավականին լրջորեն է հետաքրքրվում տվյալ լեզվով և չի բացառվում, որ շուտով նա կդառնա խորվաթերենի միակ մասնագետը Հայաստանում: Նշենք, որ Լեզուների յուրացմանն ու մշակութային փոխհարաբերություններին  նվիրված ցանկացած միջոցառում մեծապես կարևորում է նաև ԿԳ նախարարությունը:

Back to top button