Թուրքական իշխանությունները Մարութա լեռ տանող ճանապարհ են կառուցում
Աղբյուրի համաձայն` նախատեսվում է ճանապարհաշինության աշխատանքներն ավարտին հասցնել մեկ ամսվա ընթացքում: Այդ ճանապարհի շնորհիվ ավելի դյուրին կդառնա այցելել լեռան գագաթին գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Արդարություն և զարգացում կուսակցության` Բաթմանի նահանգի ընդհանուր խորհրդի անդամ Յըլմազ Չաքարը «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցում շեշտել է, որ Մարութա սարը կարևոր է ոչ միայն անասնապահության և մեղվապահության, այլ նաև` զբոսաշրջության տեսանկյունից:
Չաքարը նաև նշելով, որ Մարութա լեռը սուրբ է համարվում հայերի համար, հայտնել է, թե սույն ճանապարհի շնորհիվ կդյուրանա Թուրքիայի հայ քաղաքացիների մագլցումը դեպի լեռան գագաթին գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Իսկ Բաթմանի թանգարանի տնօրեն Վեհբի Յուրթը հայտնել է, որ թեև Մարութա լեռան գագաթին գտնվող եկեղեցին պահպանության տակ է առնվել 2013 թ., սակայն եկեղեցու վրա կառուցման որևէ տարեթիվ նշված չէ:
Սասունի և Բիթլիսի հայերի փոխօգնության և մշակույթի միության նախագահ Ալեն Բաղը ևս շեշտել է Մարութա լեռան` հայերի համար սուրբ լինելու փաստը և հայտնել, որ հայերը երդվում են Մարութայի անունով: Բաղը նաև նշել է. «Հայերը այս եկեղեցին են այցելում հուլիս ամսին: Ճանապարհի բացման շնորհիվ այստեղ կզարգանա զբոսաշրջությունը»:
Akunq.net