Հասարակություն

Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում

hasmikdilanyan
Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանն այսօր կառավարության երկրորդ նիստն է անցկացրել: Նիստին, ի դեպ, մասնակցել են նաև նորանշանակ նախարարները՝  ֆինանսների, էներգետիկայի ու բնական պաշարների, տրանսպորտի ու կապի, ինչպես նաև գյուղատնտեսության նորանշանակ նախարարները: Նրանք լրագրողներից առաջիկա ծրագրերի մասին խոսելու համար ժամանակ են խնդրել:  Կառավարությունն առաջարկել է  սեպտեմբերի 26-ին՝  ժամը 12-ին,  ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, օրակարգում «Կառավարության կառուցվածքի մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն է, ինչպես նաև Հարկային օրենսգրքի  նախագիծը:  Իսկ կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում:

 

 

Չորս նոր նախարար,  պաշտոնակատարներ   ու օրակարգում ընդգրկված  շուրջ երեք տասնյակ հարց:  Գործադիրն այսօր հերթական նիստն  անցկացրեց:

Վարչապետ Կարեն Կարապետյանը թվարկեց  հայտանիշերը, որոնցով առաջնորդվել ու չորս  նախարար նշանակել՝ համեստ ու պարկեշտ մարդիկ, կառավարման  նոր մշակույթի կրողներ: Վարչապետի ակնկալիքները մեծ են նրանցից:

Հատկանշական է, որ նորանշանակ նախարարները ինչպես մինչ կառավարության նիստը, այնպես էլ նիստից հետո  կառավարության շենքի հիմնական մուտքով  ելումուտ արեցին,  լրագրողների հետ զրուցեցին,  նշեցին, թե ինչպես են պատկերացնում իրենց աշխատանքը:

Ընդամենը մի քանի օր առաջ նախարարի պաշտոնը ստանձնած ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը  մատնանշեց  այն  երեք ռազմավարական խնդիրները,  որոնք պետք է իրականացնի գործունեության ընթացքում:

«Առաջին ռազմավարական խնդիրն իր համար ատոմակայանի արդիականացման ծրագիրն է, որը մեկնարկել է սեպտեմբերի քսանին: Երկրորդ խնդիրն ընդերքի համալիր հետազոտությունն է, երրորդն` ավելի արդիական և ժամանակակից արտադրող հզորությունների գործարկումը»,- ասաց Մանուկյանը:

Նորանշանակ նախարարն ընդգծեց նաև, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում կադրային որևէ փոփոխություն այս պահին չի իրականացնելու: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրում նախկինում աշխատել է, այժմ, սակայն, նախարարի պաշտոնում ժամանակ է խնդրում՝ խոստանալով լրագրողների ու հանրության հետ հաղորդակցության ձևաչափ ունենալ: Նախարարը սկսելու է 2017թ բյուջեի նախագծի աշխատանքներով  զբաղվել:

Առաջին  օրն աշխատանքի էր եկել նաև գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը:   «Խնդիրները շատ են, երբ որ պատրաստ կլինի ծրագիրը, այդ ժամանակ նոր կներկայացնենք»,- ասաց  նախարարը:

Տրանսպորտի ու կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը նույնպես  ժամանակ է խնդրում՝ նշելով, ընդամենը մի քանի ժամ է, որ աշխատում է,  բոլոր հարցերին կպատասխանի, սակայն՝ մանրամասն ուսումնասիրելուց հետո միայն:

Տրանսպորտի ու կապի նախարարությունը վերանվանվելու է ՏԿ և ՏՏ նախարարության, սա կառուցվածքային փոփոխություններից  մեկն է: Հետագայում այստեղ կներառվեն  նաև քաղաքացիական ավիացիայի գործառույթները:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը  ներկայացնելով  «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, նշեց, որ էկոնոմիկայի նախարարության փոխարեն կստեղծվի ՝ ներդրումների ու ձեռնարկատիրության աջակցության նախարարություն կստեղծվի:

«Արտաքին առևտուրը ներդրումների հետ մասին տնտեսության շարժիչ ուժն է, իսկ նոր անվան մեջ  դա չի երևում», ասում է  Մինասյանը՝ հիշեցնելով այս նախարարությունը 13 գործառույթ  իր մեջ ներառում:

Տուրիզմի զարգացման համար կստեղծվի  համապատասխան կոմիտե:

էներգետիկաի և բնական պաշարների նախարարությունը կվերանվանվի էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության, որտեղ կներառվի նաև ջրային պետական կոմիտեն, այն այժմ գյուղատնտեսության նախարարությանն է պատկանում: Էկոնոմիկայի նախարարությունից կառաձնացվի տուրիզիմը ու կստեղծվի համապատասխան կոմիտե՝ հստակ ակնկալիքներով:

Քաղաքաշինության նախարարությունը  ցանկից  դուրս  կգա, ենթադրվում է , որ այն կոմիտեի տեսքով կշարունակի իր աշխատանքը: Նախատեսվում է ստեղծել Ճարտարապետության և մշակութային արժեքների պաշտպանության կոմիտե: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը տեղեկացնում է՝  մինչ այժմ  վերցված էր  եվրոպական փորձը, ոլորտն էլ  այդ տրամաբանությամբ է  զարգացել:

Հարցը դեռ քննարկվում է, տեղեկացրեց  վարչապետը:

«2018 թ հետո Կառավարությանն առընթեր որևէ մարմին չենք ունենա : Սա ՀՀ Նոր Սահմանադրության պահանջն է» , այն մեկ անգամ ևս հիշեցրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Կառավարությունն առաջարկում է սեպտեմբերի 26 –ին ժամը 12 –ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, օրակարգում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն է, ինչպես նաև Հարկային օրենսգրքի  նախագիծը:

Back to top button