Հասարակություն

Աշխարհասփյուռ հայ գիտնականները՝ մեկ հարկի տակ

karenghazaryan
Աշխարհասփյուռ հայ գիտնականները՝ մեկ հարկի տակ: Մատենադարանում այսօր մեկնարկել է «Համահայկական գիտական համաժողով՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին»: Համաժողովն անցկացվում է Հայաստանի նախագահի բարձր հովանու ներքո՝ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում: Նախատեսվա է, որ արտասահմանյան երկրներում ճանաչված հայ գիտնականները բաց դասախոսություններով հանդես կգան, տեղի կունենան քննարկումներ, որոնց արդյունքում ակնկալվում է ստեղծել կառույց՝ հայազգի գիտնականների մասնակցությամբ: Համաժողովի կազմակերպիչներից Երիտասարդ գիտնականների ասոցիացիա ՀԿ նախագահ Գեւորգ Վարդանյանը կարծում է, որ նախաձեռնությունը կխթանի հատկապես երիտասարդ գիտնականների գործունեությունը:

 

Անկախության արշալույսին, երբ համաժողովրդական կամքով ձեւավորեցինք մեր անկախության հռչակագիրը՝ դրա դրույթներում հստակ նշեցինք, որ մենք չենք պատկերացնում մեր հանրապետությունն իբրեւ սպասարկող երկիր: Այս մասին հիշեցրեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը՝ ողջունելով համաժողովի մասնակիցներին: Այդ առումով նա խիստ կարեւորեց նման գիտաժողովներիի անցկացումը Հայաստանում:

«Քանի որ մարտահրավերները շատ են, դրանք մեզ ուղեկցելու են թերեւս երկար ժամանակ, մենք պարտավոր ենք Հայաստանի Հանրապետությունում ձեւավորել մի միջավայր, որն արտադրանք կտա բոլոր առումներով եւ արդյունք կտա: Սարնք բարձր խոսքեր չեն, սրա իրավունքը մեր ժողովուրդը վաստակել է իր ողջ պատմության ընթացքում: Ես իսկապես կուզեի, որ մեր երիտասարդները, որոնք այս հրաշալի նախաձեռնության կրողներն են, այս տեսլականով առաջ գնան, որովհետեւ այլընտրանք չկա»:

Համաժաղովի մասնակիցներից Դավիթ Ղուկասյանը ծնվել է Հայաստանում, այստեղ է նաեւ կրթություն ստացել, ապա կրթությունը շարունակել է Մոսկվայում, հետո՝ Միացյալ Նահանգներում, որտեղ եւ այսօր աշխատում է: Գիտնականը ԱՄՆ Թաֆթսի եւ Բոստոնի համալսարանների գիտաշխատող է,  ՆԱՍԱ-ի թռիչքների հետ կապված սրտաբանական խնդիրների ուղղությամբ է այսօր հետազոտություններ անցկացնում: Հայաստանի երիտասարդ գիտնականներին խորհուրդ է տալիս հարցեր ձեւակերպելուց չքաշվել, չիմացածը սովորել եւ անընդհատ գիտելիքներ ձեռք բերել:

«Ամենակարեւորն այն է, որ իրենք շարունակեն հավատալ իրենց կարողություններին եւ միշտ առաջ նայեն ու տեսնեն, որ լույս կա»:

Բարձր տեխնոլոգիաներով ավելի շատ զբաղվել է պետք, քանի որ այսօրվա  հնարավորություններն այդ ուղղությամբ բավարար են, իսկ աշխարհում պահանջարկը մեծ: Այդ ամենի մասին համաժողովում հայ երիտասարդ գիտնականների հետ խոսելու հնարավորությունը ոգեւորել է Նուբար Աֆեյանին:

Պետք է լինել իրատես եւ  հավակնոտ՝ «FAST» հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանի խորհուրդն է երիտասարդ հայ գիտնականներին: Նա հորդորում է չվախենալ մեծ եւ լուրջ ծրագրերից, հավակնոտ նպատակներից: Դրանք իրականացնելը դժվար է, սակայն մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ ասաց:

Համաժողովում քննարկվելու են, մասնավորապես, երիտասարդ գիտնականների առջեւ ծառացած մի շարք հարցեր: Կազմակերպիչներից Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանը հույս ունի, որ համաժողովի քննարկումները կնպաստեն նաեւ այդ խնդիրների լուծմանը:

«Արդեն իսկ արդյունք ունենք: Մեկ տարի առաջ մենք հռչակավոր գիտնական Արտեմ  Օգանովին հրավիրեցինք Հայաստան, արդյունքում՝ արդեն իր լաբորատորիաներում՝ Չինաստանում եւ ԱՄՆ-ում, մեր երիտասարդ գիտնականները գնացել եւ վերապատրաստվել են եւ վերադարձել Հայաստան, որպեսզի հիմնեն նոր ուղղություն՝ նյութագիտության ուղղությունը»:

Քննարկումների արդյունքում ակնկալում ենք, որ նման վերապատրաստումները բազմաթիվ լինեն՝ հավելեց Գեւորգ Վարդանյանը: Նա կարծում է, որ երիտասարդ գիտնականների վերապատրաստումների ֆինանսական խնդիրներ նույնպես կարող են այսպիսի հանդիպումների արդյունքում լուծում գտնել: Եթե որոշակի վերապատրաստումների խնդիրներ լուծվի, ապա՝ կարող ենք արձանագրել, որ համաժողովը հաջողվել է նաեւ գործնականորեն՝ եզրահանգեց Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահը:

Back to top button