Անցած 25 տարիների տնտեսական հաջողություններն ու բացթողումները
25 տարի՝ մի մասի համար երկար, մյուսների համար էլ՝ արդարացման տարիներ: Ձեռքբերումներ ու բացթողումներ՝ անցած 25 տարիների ընթացքում, մասնագետները «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ամփոփում են Հայաստանի երրորդ հանրապետության տնտեսական հաջողություններն ու մատնանշում բացթողումները: Մեր եթերում նաև 25 ամյա Հայաստանի կառավարությունների մի քանի ղեկավարներն են հիշում իրենց վարչապետության տարիները:
«Հինը քանդվել էր, նորը՝ դժվարությամբ էր ստեղծվում»: ԽՍՀՄ-ի տարիներին գործարանները Հայաստանում էին, սակայն, արտադրանքը Ռուսաստանինն էր: Գործարանները նույնպես մերը չէին: Այսօր արդեն 25 տարի անց Վազգեն Մանուկնյանը խոստովանում է՝ որոշեցին ու դժվարությամբ, սակայն, այդ գործարանները դարձրեցին Հայաստանի սեփականությունը: Համարձակ որոշում, որը Խորհրդային միության հետ առճակատման հիմք դարձավ: Սա միակ որոշումը չէր.«Մեր ժամանակ հողի սեփականաշնորհումը կատարվեց, արդյունաբերության սեփականաշնորհումը չկատարվեց: Ես ԱԺ տարբեր խմբակցությունների հետ մեծ վեճերի մեջ էի, քանի որ ես կտրականապես դեմ էի վաուչերային սեփականաշնորհմանը»:
Վարչակազմը դեմ էր վաուչերային սեփականաշնորհմանը, քանի որ այս դեպքում գործարանների սեփականատերեր կարող էին դառնալ նրանք, ովքեր ունեին հնարավորություն այդ գործարաններն աշխատեցնելու, նրանք, սակայն, որևէ կապ չունեին շարժման հետ,- այսպես է մեկնաբանում Վազգեն Մանուկյանը:
Զրուցակիցս այն կարծիքին է, որ նույն այդ տարիներին կային մեծ գործարաններ, շուրջ 20 գործարան, որոնք ընդհանրապես պետք չէր սեփականաշնորհել, ինչպես օրինակ «Հայէլկետրո» գործարանը: Ինչևէ , գործարանների սեփականաշնորհումը կատարվեց:
Հացի տալոնավորում, նորանկախ Հայաստանի ձևավորման առաջին տարիները այսպիսին են շատերիս հիշողության մեջ: Եվ ով, ավելի օբյեկտիվ կներկայացնի սոցիալական իրավիճակը, եթե ոչ հենց այն պաշտոնյան, ում որոշմամբ էլ հացը նորմավորվեց:
Խոսրով Հարությունյանը Հայաստանի վարչապետ նշանակվեց 1992 թվականի օգոստոսի մեկին: Երեք օր անց փակվեց Հայաստանն արտաքին աշխարհին կապող վերջին ու միակ ճանապարհը` Աբխազական երկաթգիծը: «Հայաստանը հայտնվեց խուլ, սարսափելի շրջափակման մեջ»,- հիշում է Խոսրով Հարությունյանը: Իրավիճակը բարդանում է, երբ պարզվում է, որ նորանկախ երկրում չկան հացի պաշարներ: Որպես արմատական որոշում հիշեցնում է ՝ Թուրքիայից 38 մլն էքյուի դիմաց աջակցություն են խնդրել.« Հացի խանութների մոտ սարսափելի հերթեր էին գոյացել: Իմ նշանակման երկրորդ, թե երրորդ օրվանից ամեն օր, ամեն ժամ ՀՀ վարչապետը զբաղվում էր հացի խնդրով: Եթե չնորմավորեինք, նույնիսկ այդ եկած օգնությունը կարող էր փոշիանալ:
Երաշխիքների միակ ճանապարհը տալոնավորումն էր: Պետք է ասեմ, որ կառավարությունում մեծ էր դրա հակառակ մոտեցումը: Շատերը դա կոմունիստական մոտեցում էին որակում: Իսկ ես շատ պարզ մի բան էի ասում, ասում էի՝ ժողովուրդը պետք է համոզված լինի, որ այս ծանր պայմաններում պետությունը կարող է կանգնել իր կողքին: Նոյեմբերի 16-ից մենք մտցրեցինք հացի տալոնավորումը: Հաջորդ օրը հացի հերթերը վերացան, յուրքանչյուրը երաշխավորված իր հացն ուներ:
Փողային սեփականաշնորհում, գանձապետական համակարգի ստեղծում, գյուղատնտեսությունում վերամշակման ոլորտի զարգացում, իսկ ամենակարևորը աղետի գոտու ընդհատված շինարարության վերսկսում: Թվարկվածը Հայաստանի 1998 թվականին ձևավորված նոր կառավարության իրականացրած ծրագրերի մի մասն է: Սա նաև մեր 25-ամյա անկախ պետության տնտեսության անբաժան մասն է: Նորանկախ Հայաստանի վարչապետերից Արմեն Դարբինյանը պաշտոնը ստանձնելիս տնտեսության առջև բազմաթիվ խնդիրներ էին ծառացել.
«Տնտեսությունում գոյություն ունեին բազմաթիվ պարտքեր, չվճարված աշխատավարձեր, բյուջեի տեսակետից բավական դժվար վիճակ էր, փորձեցինք դա հաղթահարել, շատ ավելի հստակ, զսպված, բայց և կազմակերպված հարկաբյուջետային քաղաքականությամբ»:
Արմեն Դարբինյանն այն կարծիքին է, որ իրենց հաջողվեց գրագետ քաղաքականություն վարել ու դուրս գալ 1998 թվականի ճգնաժամային իրավիճակից:
Այսօր էլ՝ 25 տարի անց մեր երկրի բյուջեն խնդիրներ ունի, սոցիալական խնդիրների պակաս նույնպես չունենք:
«25 տարվա ամենամեծ ձեռքբերումն այն է, որ անցել ենք շուկայական տնտեսության՝ ի տարբերություն շատ այլ երկրների»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանն ու հավելում՝ մասնավոր բիզնեսն այս ընթացքում կայացավ.«Բացասական առումով կոռումպացված կլասիկ երկիր դառնալու տարբերակ է, որի հետևանքով նաև ստվերային լուրջ տնտեսություն ենք գեներացրել, և այսօր ստվերն ու կոռուպցիան երկվորյակային զույգի նման մնում են գերիշխող»:
Որպես բացթողում, մատնանշում է այն, որ մինչ այժմ չենք կարողանում ամբողջությամբ ճիշտ գնահատել ազգի ներուժը:
Տնտեսագետ Աշոտ Թավադյանը կարծում է, որ անցած 25 տարիների ընթացքում ընտրած շուկայական ճանապարհը ճիշտ էր, սակայն, կիրառված մոտեցումներն ու տեմպերն էին գրանցած բացթողումների պատճառը:
Տնտեսագետը նկատում է՝ մասնավորեցման ժամանակ որոշակի խնդիրներ գրանցվեցին, շատ լավ փորձ կար, երբ մասնավորեցումը շուկայական գներից ելնելով էր կատարվում: Պետք էր պարզել՝ տվյալ արտադրանքը հետագայում պահանջարկ կունենա, թե ոչ: «Այդ սկզբունքները մեզ մոտ չկիրառվեցին, այստեղ է, որ որոշակի կորուստներ ունեցանք»,- ասում է:
Տնտեսության զարգացման համար զրուցակիցս դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականության ճշգրտումների անհրաժեշտություն է տեսնում:
«Վերափոխվող տնտեսություն, որի տեմպերը պետք է արագացնել»,- այսպիսին է 25 ամյա Հայաստանի տնտեսության բնորոշումն ըստ Աշոտ Թավադյանի: