Հասարակություն

25-ամյա Անկախ Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում սպասված արդյունք չի արձանագրել.Լարիսա Ալավերդյան

Նկարը՝ Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջի
lenabadeyan
Շատ է, թե քիչ 25 տարին՝ ունեցածը գնահատելու համար:  25-ը շատ մեծ թիվ չէ լուրջ փոփոխությունների համար, բայց եւ բավարար ժամանակ է աշխատելու եւ որոշ հաջողություններ արձանագրելու համար: Ի՞նչ տվեց անցած 25 տարին հատկապես մարդու իրավունքների ոլորտին: Կա արդեն հանրային ընկալումը, մարդիկ ավելի պահանջատեր են դառնում ասում են իրավապաշտպանները, այնուամենայնիվ, հավասարության նշան դնելով այսօրվա իրականության եւ խորհրդային տարիների 70-ական թվականների միջեւ:

 

 

Միջազգային «Freedom House» կազմակերպության վերջին չափումների եւ գնահատականների համաձայն Հայաստանը մասնակի ազատ պետություն է։ Ոչ բավարար է համարվել քաղաքական ազատությունների մակարդակը եւ փոքր-ինչ բարվոք է վիճակը քաղաքացիական ազատությունների մասով։

«Թեեւ հավաքների ազատություն կա, սակայն անհամաչափ են լինում ոստիկանների գործողությունները»,- ասված է զեկույցում։ Հայաստանը 100 բալանոց համակարգով ստացել է 46 միավոր: Սանդղակում 0-ն վատագույն միավորն է, իսկ 100-ը՝ լավագույնը: 25-ամյա անկախ Հայաստանում մարդու իրավունքների վիճակն այն չէ, ինչի մասին երազում էին «շարժման» տարիներից եւ դրանից առաջ, ասում է ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:

«Պարզվում է, որ վերջին 5-7 տարիներին մենք, փաստորեն, գրեթե դոփում ենք տեղում, բայց մեզ համար պետք է կարեւոր լինի ոչ թե ուրիշի չափումը, այլ մեր ներսի զգացումը: Ես համոզված եմ՝ մենք կարող էինք ավելին ունենայինք, քան այսօր ունենք:

Մարդու իրավունքների հաստատման եւ պաշտպանության առումով Հայաստանը խիստ թռիչք արեց անկախացման տարիներին: Դրանից հետո արդեն ոչինչ չեղավ եւ Հայաստանը չօգտվեց ընձեռված հնարավորությունից: Դեռ սովետական Հայաստանի տարիներից իրավապաշտպանությամբ զբաղվող Վարդան Հարությունյանը, ով այսօր ղեկավարում է  Իրավունքի եւ ազատության կենտրոնը, փաստում է՝  տեղի ունեցավ մեր երազանքների եւ իրականության բախում: Այսօր ունենք ձեռքբերում՝ խոսքի ազատություն եւ խոսքի համար ոչ մեկին չեն դատում, բայց ահա գործողությունների դեպքում՝ նույնը ասել հնարավոր չէ:

« Տխուր իրականությունից, երբ հասանք 88 թվական, մենք ընդամենը սովետական ժողովուրդ էինք, աշխարհը հեգնում էր մեզ անվանելով «հոմո-սովետիկուս», ժողովուրդ, որը չունի իդեա, որը չունի նպատակ, ապրում են ուղղակի գոյատեւելու համար: Ճահիճ էր, որտեղ ապրում էինք բոլորս, բայց 1988-91 թվականները, այդ երեք տաիրները մի ամբողջ էպոխա է եղել: Հսկայական թռիչք «հոմո-սովետիկուս»-ից մեր ժողվուրդը վեր է ածվել քաղաքացու: Չդրվեց այն սահմանը, որ մեր արատավոր անցյալը չկարողանա ներթափանցել մեր ներկա եւ այսօր մեր իրականությունում խորհրդային ժամանակաշրջանի 70-ական թվականներն են, երբ որ ճահիճ է, երբ մարդիկ հուսահատ են»:

Մարդու իրավունքների համար կատաղի պայքարին խորհրդային տարիներին՝ տարիքի բերումով չի մասնակցել Աժ-ի Մարդու իրավունքների հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Իր ունեցած փորձից կարող է գնահատել, որ 25 տարին բավարար չեղավ մեզ համար անընդունելի արատավոր երեւույթները թոթափելու համար: Ասում է՝ կուզեր լինել լավատես, բայց բնույթով՝ իրատես է:

Պատգամավորը փաստում է՝ ձեռքբերումները, որ ունենք մարդու իրավունքների ոլորտում ոչ թե պետության, այլ անհատների, քաղաքացիական հասարակության եւ կազմակերպությունների արժանիքներն են: Ըստ իրավապաշտպանների կա մի ճշմարտություն, որը պետք է գիտակցեն ոչ միայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իրավապաշտպանները, այլեւ՝ պետության ղեկավարները:

Վարդան Հարությունյանի տեսակետը կիսում է նաեւ Լարիսա Ալավերդյանը՝ տալով մարդու իրավունքների ոլորտում հաջողության հասնելու մի պարզ բանաձեւ. «Այնքանով է փոխվելու պետությունը, ինչքանով փոխվի հասարակությունը»:

Back to top button