Հասարակություն

Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն հոգեբուժության ոլորտում

Այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը եւ  Ֆրանսիայի Բրոն քաղաքի Լը Վինատյե հիվանդանոցային համալիրի տնօրեն Հյուբեր Մոնիեն ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։

Մինչ այդ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը եւ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շաղպանտիեն երկուստեք կարեւորեցին երկու երկրի ավանդական բարեկամության վրա հիմնված համագործակցությունն առողջարապահության ոլորտում։ Ընդգծվեց, որ երկար տարիների պատմություն ունեցող այդ համագործակցությունը  հաջողությամբ ծավալվում է Երեւանում եւ ՀՀ տարբեր մարզերում` ներառելով ոլորտի առաջնային ուղղությունները` ուռուցքաբանություն, սրտաբանություն, հոգեկան առողջություն, դեղակայուն տուբերկուլոզի բուժում, ակնաբուժություն եւ այլն։

Արմեն Մուրադյանը շեշտադրեց, որ բացի բժշկական կազմակերպությունների կողմից Հայաստանում հաջողությամբ իրականացվող ծրագրերից, վերջին շրջանում համագործակցում են նաեւ ֆրանսիական դեղագործական ճանաչված երկու խոշոր ընկերություն` Սանոֆին եւ ՍԵրվիեն։  Դրա արդյունքում սրտանոթային  հիվանդությունների եւ շաքարային դիաբետի բուժման կարեւոր երկու դեղամիջոցի գները մեր երկրում գրեթե երեք անգամով նվազել են։ Իսկ մինչ այդ Սանոֆին եռամյա ծրագիր է իրականացրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների համար։

Ժան Ֆրանսուա Շաղպանտիեն հավելեց, որ իրենք  մտածում են Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերն առավել գործուն եւ հագեցված դարձնել` ընդգրկելով ինչպես առողջ սննդի քարոզման, այնպես էլ` ալկոհոլի չարաշահման, ծխախոտի դեմ պայքարի ծրագրեր։ Նա ստորագրված համաձայնագրի առանձնահատկությունը համարեց այն, որ հոգեկան առողջության պահպանման ոլորտը ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի համար առողջապահական գերակա ուղղություններից մեկն է։ Այս ոլորտում մեր երկու երկրները բավական երկար տարիներ համագործակցում են։

Լը Վինատյե հիվանդանոցային համալիրի տնօրեն Հյուբեր Մոնիեն նշեց, որ Կանադայի, Բելգիայի, Շվեյցարիայի եւ մի շարք այլ երկրների հետ համագործակցող իրենց կազմակերպությունն արդեն 15 տարի է ծրագրեր է իրականացնում նաեւ Հայաստանում` Երեւանի, Գյումրիի եւ Վարդենիսի հոգեբուժական կենտրոններում` ստանալով Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի եւ «Հույս Հայաստանի համար» միության աջակցությունը:

Ֆրանսիայի եւ Հայաստանի հոգեկան առողջության ոլորտի արհեստավարժ մասնագետների միջեւ այդ տարիների ընթացքում  հաստատված ամուր կապերը ՀՀ առողջապահության նախարարության հովանու ներքո համագործակցության ամուր հիմքեր են ստեղծել:

Բոլորն այն կարծիքին էին, որ համագործակցության համաձայնագրի ստորագրումը կակտիվացնի  համագործակցությունը հոգեբուժության ոլորտում, կբարելավվեն առողջապահական ծառայությունների որակը` այն մոտեցնելով եվրոպական չափանիշներին։ Դրան կնպաստի նաեւ հայ մասնագետների վերապատրաստումը Վինաթյե առաջատար բժշկական կենտրոնում:

Back to top button