ԿարևորՄշակույթ

«Անկախության սերունդը»՝ Անկախության 25-ամյակին

sonahakobyan
Սեպտեմբերի 21-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տոնական մեծ համերգ է սպասվում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին: Բեմում լինելու է հատուկ տոնի առթիվ կազմավորված ու «Անկախության սերունդ» կոչված «Համահայաստանյան նվագախումբն ու երգչախումբը», որոնցում ավելի քան 1000 հայ երաժիշտ-կատարող է ընդգրկված: Նախագծի ամենակրտսեր մասնակիցն, ի դեպ, 9 տարեկան է: Երիտասարդ երաժիշտները հենց Անկախության սերնդի ներկայացուցիչներ են: Նախագծի հեղինակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է, ով այսօր ներկայացրել է համերգի նախապատրաստական աշխատանքները: Սերգեյ Սմբատյանը խոստովանել է. նախագիծը մեծ պատասխանատվություն է ինչպես բոլոր մասնակիցների, այնպես էլ իր համար:

 

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգի խորհուրդն անկախության սերունդն է, այն սերունդը, որը ծնվել և ապրում է անկախ Հայաստանում: Նախագիծը բացառիկ է նրանով, որ առաջին անգամ մեկ երեկոյի ընթացքում հանդես կգան Անկախության սերնդի 10-25 տարեկան շուրջ 1000 կատարողներ, իսկ ծրագրում ներառված կլինեն հայ կոմպոզիտորների նախկինում և նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ստեղծված ստեղծագործություններ:

Կհնչեն նաև հատուկ այդ օրվա համար գրված ստեղծագործություններ: Նախագծում ընդգրկված են հայ պատանի և երիտասարդ երաժիշտ կատարողներ, երգչախմբերի և երգիչների Հայաստանի մարզերից և Արցախից, տոնական համերգին ընդառաջ նշեց նախագծի հեղինակ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Աշխատանքն, իհարկե, դժվար էր, բայց հաճելի, խոստովանում է Սերգեյ Սմբատյանը: Նկատում է, որ 21-ին կայանալիք համերգը մեծ պատասխանատվություն է բոլոր մասնակիցների համար: 22 ամյա Եղիա Անսուրյանը ալտահար է: Չնայած բոլոր դժվարություններին՝ նախագիծն արդեն իսկ կայացած է, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց գյումրեցի երիտասարդը:

Արցախցի Հարություն Հարությունյանն էլ շեփորահար է: Նախագծի մասնակից լինելն արդեն իսկ մեծ պատասխանատվություն է իր համար, ասում է:

Նախադեպը չունեցող այս նախագիծը պահանջում էր կազմակերպչական և մասնագիտական երկարատև աշխատանք, ուստի սպասված արդյունքի հասնելու համար վերջին ամիսներին բազմաթիվ փորձեր են իրականացվել: Մասնագիտական պարապմունքների ընթացքում կատարելագործվել են մարզերի և Երևանի պատանի և երիտասարդ կատարողների վարպետությունն ու կատարողական հմտությունները: Տոնական համերգին մասնակցելու են նաև մենակատարներ: Աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան են հրավիրվել հայ կատարողական արվեստի երիտասարդ լավագույն ներկայացուցիչները, ովքեր նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում պատվով են ներկայացնում Հայաստանն ամբողջ աշխարհում:

Back to top button