Տնտեսական

ՀՀ տնտեսության «զորահանդես»-ը՝ «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսում

տեղադրված 13.49-ին

լրացված 16.10-ին
alisagevorgyan
Հայաստանի զարգացման հիմնադրամը սեպտեմբերի 19-22-ը՝ «Մերիդիան» էքսպո  կենտրոնում  կարզմակերպել է  «Արտադրված է Հայասատանում-2016» ցուցահանդեսը, որը յուրօրինակ հաշվետվություն է  հայրենական արտադրության արդյունքների ու ներուժի մասին: Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ: Բացմանն այսօր մասնակցել է նաև հանրապետության նախագահը: Նշենք, որ «Արտադրված է Հայսատանում-2016»  հայկական արտադրանքի  ու ծառայությունների  ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 320  ընկերություն՝ սննդի,  ոսկերչության,  ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և և ՏՏ ոլորտներից:

 

«Որպես էկոնոմիկայի նախարար հպարտությամբ եմ շրջել բոլոր տաղավարներում, որտեղ ներկայացված է հայկական որակյալ արտադրանք»,-Էկոնոմիկայի նախարար  Արծվիկ Մինասյանը տպավորություններն է փոխանցում լրագրողներին «Արտադրված է Հայասատանում-2016»  ցուցահանդեսի բացումից ու տաղավարներում շրջելուց անմիջապես հետո: Նախարարի բնորոշմամբ՝ սա էլ մեր տնտեսության զորահանդեսն է, որով հպարտանալու առիթ ունենք:

«Ռադիոլուրը» ծանոթացավ Հայաստանը, ինչպես  նաև Արցախը ներկայացնող արտադրական հզորություններին. Արամ Վարդանյանը «Բարվա» ինովացիոն կենտրոնի արտադրանքն է ներկայացնում: «Մեր առջև բիոզանգվածով աշխատող կաթսան է, որը կարող է տաքացնել 500 քմ տարածք, դա կարող է լինել ջերմոց, մանկապարտեզ կամ բնակելի տարածք»,-ասում է:

Ընկերությունը ներկայացնում է նաև հակակարկտային ռոբոտ: Արտադրվել է արդեն շուրջ 500 միավոր, որոնք տեղադրվել են Հայաստանի տարբեր մարզերում, արտահանվել Իրան, Վրաստան և Ռուսաստան:

Լևոն Շամյանը ներկայացնում է «Օբսիսարդ» ընկերությունը: Արտադրում են գեղարվեստական իրեր զուտ հայակական քարերից: Պահանջարկը մեծ է, իրացման խնդիր չունեն:

«Օրվակո» ընկերությունը ցուցահանդեսում ներկայացել է օրգանական պարարտանյութերով: Ընկերության ներկայացուցիչ Հայկ Մելքոնյանը ներկայացնում է տեղական արտադրանքի բոլոր առավելությունները նաև խնդիրները, որոնց բախվել է ընկերությունը շուկայում սեփական տեղը գրավելու համար:

Բնական կոսմետիկա՝ պատրաստված հայկական բուսական հումքով.  «Նաիրյան» ընկերության համահիիմնադիր Անահիտ Մարկոսյանն ասում է, որ տեղական շուկա մուտք գործելը բարդ չէր, որովհետև բաց տարածք կար: «Նաիրյանի» արտադրանքը հաջողությամբ նաև արտահանվում է,  բայց այլ խնդիրների են բախվել՝ որակյալ կադրերի պակաս և աշխատանքային կարգապահություն:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև սեպտեմբերի 22-ը: Ցուցահանդեսի շրջանակում սեպտեմբերի 20-ին Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է նաև «Հայաստանը  որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» տնտեսական համաժողովը, որի նպատակն է ներկայացնել  Հայաստանի տնտեսության  առկա ներուժը, գործարարությամբ զբաղվելու  առավելությունները և խթանել ներդրումները:

Back to top button