Քաղաքական

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև

Սեպտեմբերի 18-ին Թեհրանում կայացել են ՀՀ և ԻԻՀ արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իրանականը՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի Ասիայի, Օվկիանիայի և ԱՊՀ հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Կողմերն ընդգծել են տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման անհրաժեշտությունը:

Հատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ և բազմակողմ տնտեսական ծրագրերի իրականացման խնդիրներին: Քննարկվել են իրավապայմանագրային, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպել է նաև Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մորթեզա Սարմադիի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները և նախանշվել հետագա անելիքները:

Back to top button