Մշակույթ

Անկախության օրը նշել Նոր տարվա պես. առաջարկը գրականագետներինն է

lenabadeyan
Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը շուրջ 40 օր առաջ սկսեց մի «շարժում», որով ազդարարում էր, թե քանի օր է մնացել Հայաստանի Անկախության օրը նշելուն եւ  անդրադառնում էր երկրում ընթացող տարբեր գործընթացներին:  Արձակագիր Արմեն Հայաստանցին իր հերթին՝ նոր գիրք հրատարակեց անկախության շրջանի մասին: Այս երկու գործիչների արտահայտած կարծիքներն ու գաղափարների միաձուլումը որոշեցին կյանքի կոչել մի խումբ գրականագետներ՝ փորձելով Հայաստանում ձեւավորել եւ հիմնել նոր ավանդույթ:

 

Տոն, որը հավակնում է դառնալ Ամանորի մրցակիցը: Համենայնդեպս, այսպիսի նպատակ ունեն գրականագետները՝ փորձելով ձեւավորել նոր ավանդույթ: Առաջարկում են բոլորին միասին դիմավորել Անկախության օրը՝ սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը: Առաջին փորձը կազմակերպելու են հենց այս տարի՝ Հայաստանի անկախության խորհրդանիշ Ազատության հրապարակում, այնտեղ գտնվող «Down Town» սրճարանում:

Գոհ կլինեն, եթե այցելուների աննախադեպ թվի պատճառով ստիպված լինեն հանդիպումը բացօթյա անցկացնել, ասում է ակցիայի նախաձեռնոնղերից մեկը՝ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Գրականություն սիրողների համար հետաքրքիր, հաճելի եւ ուրախ մթնոլորտը խոստանում են, ակցիային միացնողներին հորդորում են՝ բերել իրենց հետ անկախության կարեւորագույն խորհրդանիշերից մեկը՝ դրոշը, իսկ տեղում կլինեն նաեւ այլ՝ խորհրդանշական անակնկալներ:

Վաճառվելու են «21 մատենաշար»-ի գրքերը: Հիշեցնենք՝ մի քանի տարի առաջ «Անտարես» հրատարակչությունը ստեղծեց այդ մատենաշարը, որը ներկայացնում է ժամանակակից հայ արձակագիրների ստեղծված գրականությունը:

Այդ շարքում արդեն 16 գիրք է լույս տեսել:  Գրականագետները պնդում են՝ իրոք նշելու առիթներ կան: Հայ գրականությունը դարերով անցել է դժվար ճանապարհ եւ վերելք է ապրել հատկապես պետականության բացակայության պայմաններում՝ իրականացնցնելով տարբեր նախարարությունների եւ հայոց լեզվի պահապանի առաքելությունը: Այժմ էլ հավասարապես կրում է պետականության հաստատման բոլոր դժվարությունները ու, չնայած, ընթերցանության մակարդակի նվազմանը, այնուամենայնիվ, նվաճումներ կան:

Հայաստանի անկախության 25 ամյակը գրականագետները նշելու են մեծ հույսով, սնահավատ չեն, բայց ասում են. նկատում են նշաններ, որոնք ստիպում են իրենց հետեւից գնալ:

Արքմենիկ Նիկողոսյանը Արմեն Մարտիրոսյանի պես սիրում է նշանների հետեւից գնալ եւ պատահականություն չի համարում, որ հենց այս տարի՝ պետականության 25 ամյակին պետք է ունենայինք օլիմպիական չեմպիոն: Հաջողությունները տարբեր ոլորտներում գրականագետներին  հույս է տալիս, որ ամեն ինչ դեռ լավ է լինելու:

Back to top button