Անկախության 25-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 20-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կբացվի «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ տեղեկացրել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ ներկայացնելով նաեւ այս տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու հետագա Ծրագրերը: Ցեղասպանության թիմային այսօր անդրադարձել են նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միությունում: Այստեղ բացվել է «Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյունից» խորագրով միջազգային համաժողովն ու համանուն ցուցահանդեսը:
Ցեղասպանությունից հետո կյանքի պայմանների մասին՝ կանանց տեսանկյունից: Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած փորձագետները առաջիկա 4 օրերին խոսելու են այդ ամենի մասին «Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյունից» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում: Ռուանդա, Բոսնիա, Իսրայել, Պաղեստին, Հարավային Ամերիկա – սա Երեւան ժամանակ փորձագետների աշխարհագրությունն է:
«Կանայք պատերազմի ժամանակ» ֆրանսիական կազմակերպության ղեկավար Կարոլ Մանը տեղեկացրեց, որ փորձագետները հիմնականում խոսելու են, թե ինչպես են ցեղասպանություններից հետո կյանքը դրսեւորվում կանանց տեսանկյուններից եւ ինչպես են դրանք արտացոլվում արվեստի ու գրականության միջոցով: «Պետք է ասել, որ շատ ընտանեկան գաղտնիքներ հաղորդվում-անցնում են կանանց միջոցով եւ այստեղ կարելի է խոսել ե՛ւ հայ, ե՛ւ թուրք ընտանիքների կանանց մասին: Հենց այստեղ է, որ մենք միշտ բախվում ենք գենդերային հարցերին»,-ասաց Կարոլ Մանը:
Համաժողովի նախաձեռնող կազմակերպություններից ՀԲԸՄ ներկայացուցիչ Թալալ Կազանջյանը նկատեց, որ հայերը քննարկվող թեմային բավականին ծանոթ են, քանի որ 100 տարի շարունակ ապրում են ցեղասպանության հետեւանքները:
«Անձնական կյանքերի եւ համայնքային կյանքերի այդ ցնցումները, երբ մարդիկ պոկվում են իրենց բնականոն վիճակից եւ տառապանքները – դրանք բոլորը ուղղակի հետեւանքներ են այն վայրագությունների, ինչպիսիք են ցեղասպանությունները: Մենք բոլորս էլ ծանոթ ենք անցյալի ցեղասպանություններին եւ շարունակում ենք ականատեսներ լինել ներկայիս իրավիճակներին, որոնց ենթարկվում են մարդիկ եւ համայնքները Միջին Արեւելքում հենց այս պահին»:
Միջազգային համաժողովի եւ ցուցահանդեսի կին կազմակերպիչները շեշտեցին, որ իրենց նպատակը մարդկանց համար «կամուրջներ» կառուցելն է եւ այդ կերպ հետագա ցեղասպանությունները կանխելը: Ասացին, որ այս գործում իրենք հավատում են նաեւ արվեստի բուժիչ ուժին ու հենց դրա համար էլ կազմակերպել են նաեւ արվեստի գործերի ցուցադրություն՝ առաջին անգամ ցեղասպանության թեման եւ ցեղասպանությունից հետո վերածննդի թեման ներկայացնելով կանանց տեսանկյունից: Ի տարբերություն «Ցեղասպանությունից հետո. վերքերից՝ վերածնունդ. գենդերային տեսանկյունից» խորագրով ցուցահանդեսի, վերածննդի թեմայով զուտ փաստական տվյալներ ու վավերագրություններ ներկայացնող ցուցադրություն է կազմակերպել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
«Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ցուցադրությունը կբացվի սեպտեմբերի 20-ին՝ Հայաստանի անկախության 25 ամյակի կապակցությամբ: Հայկ Դեմոյանը տեղեկացրեց, որ անցած երկու տարիներին աճել է թանգարան այցելող թուրք զբոսաշրջիկների թիվը: Նրանց շարքում լինում են նաեւ զգալի թվով կանայք: Դեմոյանի փոխանցմամբ՝ թուրքական զբոսաշրջային կազմակերպությունները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներառել են այցելությունների ցուցակում, ապա կարծիք հայտնեց, որ որպես մշտական գործող կարեւոր եւ ազդեցիկ մի գործիք թանգարան-ինստիտուտը դեռ բավականին աշխատանք ունի անելու՝ թուրք հասարակության շրջանում: