Հասարակություն

Ամենայն Հայոց կաթողիկոսը շքանշաններ է հանձնել

Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի է ունեցել  շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, վաստակաշատ գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան է հանձնվել հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու բարեկամ, հայագետ Հայր Աթանաս Շառլ Ռընուին (Ֆրանսիա), ով այս օրերին գտնվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Արևելյան ծեսի ուսումնասիրության ընկերության 6-րդ միջազգային գիտաժողովի առիթով: «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան շնորհվել է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանին` ի գնահատություն իր գիտամանկավարժական երկարամյա գործունեության և հայ ժողովրդին մատուցած բազմարդյուն ծառայությունների:

Արարողությունը բացվել է միասնական Տերունական աղոթքով, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Մեծարյալների գնահատարժան գործունեությանն ու վաստակին անդրադարձել են  Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը:

Back to top button