ԿարևորՔաղաքական

Հուսով ենք, որ Նյու Յորքում տեղի կունենա Սարգսյան-Ալիեւ հանդիպում. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել ռուսական Интерфакс գործակալությանը, որտեղ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«Կան կարգավորման առանձին պայմաններ, սակայն մեզ բոլորիս չի բավականացնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ առաջ գնալու քաղաքական կամքը: Մենք այդ պայմանները քննարկել ենք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները քննարկում են առանցքային խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել՝ գործընթացն առաջ մղելու համար: Հուսով ենք, որ բանակցությունները կհանգեցնեն խաղաղ կարգավորման: Մենք ցանկանում ենք նախագահների նոր հանդիպում կազմակերպել, սակայն դեռ հստակություն չկա ո՛չ ժամանակի, ո՛չ էլ տեղի հարցում: Հուսով ենք երկու շաբաթ անց երկու արտգործնախարարներին տեսնել Նյու Յորքում, որպեսզի ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում նրանց հետ քննարկենք հետագա քայլերը: Հուսով ենք, որ այնտեղ տեղի կունենա նաև երկու նախագահների հանդիպումը»,- ասել է Ուորլիքը:

Դիվանագետը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները հետաքրքրված են Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելով, իսկ ԼՂ հակամարտության հարցում կողմերին զենք են մատակարարում միայն պաշտպանողական նպատակներով և սահմանափակ քանակով:

«Մենք սպառազինություն չենք մատակարարում կողմերից և ոչ մեկին: Մենք մատակարարում ենք միայն պաշտպանողական զենք՝ շատ սահմանափակ քանակով: Ադրբեջանի հետ կապված մեր կոնգրեսում հատուկ մանդատ կա, որը թույլ չի տալիս մեզ մատակարարել զենք, որը կարող է օգտագործվել ԼՂ հակամարտության համատեքստում հարձակվողական գործողություններ իրականացնելու համար: Այսպիսով, մենք զենքի մատակարար չենք: Մենք համարում ենք, որ երկու կողմերի հետ էլ ունենք ռազմավարական հարաբերություններ»,– ասել է Ուորլիքը:

Back to top button