ՄիջազգայինՔաղաքական

Ողջունում ենք սիրիական ճգնաժամի շուրջ ԱՄՆ և ՌԴ միջև ձեռք բերված պայմանավորվածությունները․Տիգրան Բալայան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանություն է արել սիրիական ճգնաժամի շուրջ ԱՄՆ և ՌԴ միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, մեկնաբանության մեջ նշված է.

«Մենք ողջունում ենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև սիրիական ճգնաժամի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Հուսով ենք, որ, այդ պայմանավորվածությունների համաձայն, բոլոր կողմերը հրադադարը գործնականում կպահպանեն, և, որպես անհետաձգելի քայլ, հակամարտությունից առավել տուժած շրջաններ կապահովվի մարդասիրական օգնության անարգել մուտքը և դրա տրամադրումը բնակչությանը:

Այս առումով մեզ համար առավել մտահոգիչ է Հալեպում և դրա շրջակայքում ստեղծված հումանիտար իրավիճակը, և օր առաջ այդ շրջաններին մարդասիրական օգնության տրամադրումն ավելի քան հրատապ է: Լիահույս ենք, որ այս պայմանավորվածությունները կարող են հիմք հանդիսանալ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ համապարփակ բանակցությունների համար»:

Back to top button