Հասարակություն

«Ավրորա» մրցանակի առաջադրումների թիվը երեք անգամ աճել է. ներկայացվել է 558 հայտ

«Ավրորա» մարդասիրական 2017 թվականի մրցանակի առաջադրումների փուլում՝ 2016 թվականի հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը`ստացվել է 558 հայտ 13 լեզուներով, որոնցից 254-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Առաջադրումներ կատարվել են 66 երկրներից, առավելագույնը՝ Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Գերմանիայից, Եգիպտոսից, Պակիստանից, Նիգերիայից, Ֆրանսիայից, Նեպալից, Քենիայից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից եւ Մեծ Բրիտանիայից՝ հայտնում են նախաձեռնությունից։

«Ավրորա» մրցանակը երկրորդ տարում մոտ երեք անգամ առաջադրումների թիվն աճել է. 2015 թվականին ստացվել էր 186 հայտ՝ 6 լեզուներով, 27 երկրներից եւ ընդգրկել 113 չկրկնվող թեկնածություններ։

«Մենք շատ ուրախ ենք, որ ստացել ենք այսքան առաջադրումներ աշխարհի բոլոր կողմերից։ Ընդամենը երկրորդ տարին է, իսկ «Ավրորա» մրցանակի տեսլականը՝ որ մարդկությունը կարող է եւ պետք է մեծարի նրանց, ովքեր սեփական կյանքը վտանգելու գնով փրկում են ուրիշներին, նորովի է զորանում»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

Առաջադրված թեկնածություններն այժմ կվերստուգվեն գիտակ եւ փորձառու մասնագետների խմբի կողմից։ Լավագույն 20 թեկնածուների անուններն այնուհետեւ կփոխանցվեն Ընտրող հանձնաժողովին, որն այժմ նախագահում է դերասան եւ բարերար Ջորջ Քլունին եւ որի կազմում ընդգրկված են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար եւ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին։

Back to top button