ԿարևորՔաղաքական

Գլխավոր դատախազի թեկնածուն մամուլի, «Սասնա ծռերի» եւ ապագա ծրագրերի մասին

lusinevasilyan

Գլխավոր խնդիրը լինելու է դատախազության գործունեության հրապարակայնության  ապահովումը՝ գլխավոր դատախազի պաշտոնի հավակնորդ Արթուր Դավթյանն այս պաշտոնում  ընտրվելու դեպքում  կառաջնորդվի  հենց այս մոտեցմամբ: Թեկնածուի կարգավիճակում նա այսօր հանդիպումներ է ունեցել խորհրդարանական 6 խմբակցություններից 4-ի ներկայացուցիչների  հետ: ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի հետ Արթուր Դավթյանը կհանդիպի արդեն երեքշաբթի՝ աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ: Հենց առաջին քառօրյայի ընթացքում էլ խորհրդարանն ամենայն հավանականությամբ կքննարկի գլխավոր դատախազի նշանակման հարցը:

 

Հանրապետության գլխավոր դատախազի հավակնորդ Արթուր Դավթյանն այս պաշտոնում ընտրվելու դեպքում կկարևորի հատկապես դատախազության աշխատանքի հրապարակայնությունը: Սա որպես թիվ մեկ խնդիր Արթուր Դավթյանը ներկայացրել է խմբակցություններին, արդեն խոստացել է  նաև լրագրողներին: «Առաջիկայում մենք ավելի հաճախ կշփվենք, մեր աշխատանքը կփորձենք ավելի բաց ու թափանցիկ դարձնել, ավելի պարզ  ու հանգամանալի ներկայացնել մեր մասնագիտական մոտեցումները»:

Սա, ըստ գլխավոր դատախազի հավակնորդի, կնպաստի դատախազության նկատմամբ հանրության վստահության մեծացմանը: Իսկ արդյո՞ք այդ շեշտադրումը նշանակում է, որ     դատախազությունը մինչ այժմ հրապարակային չի եղել:  «Ես այդ աշխատանքն ավելի կատարելագործելու տեսլականն ունեմ»,- ասում է։

Ի դեպ, մի քանի հարցի մասին դատախազի թեկնածուն իր  դիտարկումները ներկայացրեց: Հարցին՝ ինքն ինչպես կորակի «Սասնա ծռեր» խմբի արարքը, արդյո՞ք այն ահաբեկչություն էր, Արթուր Դավթյանն այսպես  պատասխանեց. «Ես մասնագիտական դաշտում կասեմ: Իրականացվում է նախաքննություն, դեպքից մոտ երկու ամիս է անցել, օպերատիվ լայնածավալ քննություն է ընթանում, բայց նաեւ պարզաբանման ենթակա հարցերի շրջանակն է բավականին մեծ: Այս պահին մենք քրեաիրավական գործով դեռեւս որպես ահաբեկչություն չունենք տված»:

Արթուր Դավթյանը որպես գլխավոր դատախազի թեկնածու այսօր հանդիպեց խորհրդարանական 6 ուժերից 4-ի հետ: Բացի ՀԱԿ-ից ու ԲՀԿ-ից՝ մյուս ուժերը կարողացան  ձևավորել իրենց նախնական դիրքորոշումը:  Խորհրդարանական մեծամասնությունը Արթուր Դավթյանին խոստումնալից թեկնածու է համարում:

Ինչու ընտրությունը կանգ առավ հենց այդ թեկնածության վրա հարցին՝ Վահրամ Բաղդասարյանն այսպես է պատասխանում: «Ում թեկնածության վրա էլ կանգ առնեինք, նույն հարցն էիք հնչեցնելու: Նկատի ենք ունեցել նրա փորձառությունը, նրա մասնագիտական որակները, չնայած երիտասարդ տարիքին անցած ճանապարհը»:

Արթուր Դավթյանին Դաշնակցությունում ևս խոստումնալից կադր են որակում: Արմեն Ռուստամյանի փոխանցմամբ՝ ՀՅԴ- ն դատախազի թեկնածուի ուշադրությունը երեք  ուղղությունների վրա է հրավիրել՝ այդ թվում  հակակոռուպցիոն պայքարի նոր մեխանիզմների և ձերբակալությունների օրինականության:

ՕԵԿ-ը դեռ չգիտի, թե ինչպես կքվեարկի, երբ  Արթուր Դավթյանի թեկնածությունը քննարկվի նիստերի դահլիճում, բայց առաջին հանդիպումից ստացած տպավորությունները կարծես թե դրական են: Առնվազն դրական են խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի տպավորությունները։

ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի հետ գլխավոր դատախազի հանդիպումները տեղի կունենան արդեն հաջորդ շաբաթ: Սեպտեմբերի 13-ին կմեկնարկի ԱԺ 9-րդ նստաշրջանը, որի առաջին քառօրյայի ընթացքում էլ խորհրդարանը կքննարկի գլխավոր դատախազ նշանակելու հարցը:

Ըստ օրենսդրության ՝ գլխավոր դատախազը ընտրվում է  Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։

Back to top button