ԿարևորՔաղաքական

ՀՀԿ- ն հավանություն է տվել վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածությանը

arminegevorgyan

ՀՀԿ գործադիր մարմինը, ապա  խորհուրդն այսօր միաձայն պաշտպանել է Երեւանի նախկին քաղաքապետ,  «Գազպրոմմեժռեգիոնգազի» գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Կարապետյանի թեկնածությունը հանրապետության վարչապետի պաշտոնում՝ լրագրողներին ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա նշեց, որ ՀՀԿ- ն որոշել է խորհրդարանական ընտրությունների գնալ նոր կառավարությամբ։ Կուսակիցները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին իրականացված փոփոխությունների, գործունեության համար։ Աշոտյանը շեշտեց, որ ՀՀԿ-ն մեծ օրգանիզմ է, որտեղ աշխատելու ցանկության պարագայում միշտ կա համապատասխան դաշտ:

Անդրադառնալով կառավարության ձևավորման մասին հարցին՝ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ անվանական հարց չի քննարկվել։ «Չի քննարկվել կաբինետի պորտֆելների բաշխման հարցը: Ակնհայտ է, որ կաբինետը ձևավորվելու է կոալիցիոն հուշագրի համատեքստում: Այսօրվա նիստում այդ հարցին չենք անդրադարձել»,- ասաց նա։

Ի դեպ՝ ՀԿ ԳՄ նիստից առաջ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, որը նաև Սահմանադրության փոփոխությունների հեղինակներից է, լրագրողներին մեկնաբանեց նոր վարչապետի և կառավարության ձևավորման կարգը։ Նա նշեց, որ այն լինելու է ժամանակավոր կառավարություն` մինչև 2018-ի ընտրությունները։ Նոր վարչապետը կնշանակվի կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում՝ ասաց Թովմասյանը ու խորհուրդ տվեց «լավ կարդալ Սահմանադրությունը, քանի որ այն ունի եզրափակիչ և անցումային դրույթներ»։

ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշեց, որ Սահմանադրության մի շարք դրույթներ, այդ թվում` գործադիր իշխանությանը վերաբերող հատվածը, ուժի մեջ է մտնելու միայն 2018-ի ընտրություններից հետո։ «2018-ի ապրիլի 9-ին ցանկացած կառավարություն. որ այդ պահին կլինի, նույնպես հրաժարական է ներկայացնելու»,- ասաց նա։

Անդրադառնալով վարչապետի վերաբերյալ նոր Սահմանադրության այն պահանջին, որ վերջինը պետք է վերջին 4 տարիներին անընդմեջ բնակված լինի Հայաստանում, Թովմասյանը նշեց, որ ԱԺ ընտրություններից հետո նշանակվելիք վարչապետը պետք է համապատասխանի այդ պահանջներին։

Back to top button