Հասարակություն

Յուրահատուկ ուխտագնացություն. այսպես են գնահատում ԳՀԽ ժողովի գումարումը Արցախում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Երեկ Ստեփանակերտում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը: Սա այդ նիստերը թեմերում անցկացնելու գաղափարի կենսագործման ճանապարհին առաջին քայլն է եւ Արցախում է տեղի  ունենում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ   եւ Արցախի հոգեւոր  առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հրավերով: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը   ժողովի բացման ժամանակ կարեւորել է դրանց   գումարումը   տարբեր թեմերում, ինչը, նրա կարծիքով, խանդավառություն և հոգևոր կյանքի զորացման մեծ խթան է համայնքների համար։

 

Արցախում Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի մասնակիցներին նախ ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ով  ընդգծել է Հայ առաքելական եկեղեցու կարեւորագույն դերակատարությունն ազգային պետականության ստեղծման, կայացման եւ զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, հայ ազգային ինքնության եւ արժեքների պահպանման գործում:

Գերագույն հոգեւոր խորհրդի  առաջին նիստի բացմանը  Վեհափառ հայրապետը Արցախում հոգևոր խորհրդի նիստի անցկացումը  համեմատել է ուխտագնացության հետ եւ նշել, որ Սբ . Էջմիածինը միշտ աջակից է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

Արցախ թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի Արցախում կայանալը բացառիկ ու պատմական երեւույթ է համարում:

Հոգեւոր խորհրդի անդամների համար արցախյան այցը  յուրահատուկ ուխտագնացություն է գնահատում Վիրահայոց թեմի հոգեւոր առաջնորդ  Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ժողովի օրակարգի մասին. հարցերը վերաբերվում են  Ազգային-եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրություններին, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության լրամշակման ընթացքին եւ այլն , ժողովը նաեւ զեկույցներ է լսել    եկեղեցական կառույցների և թեմերի գործունեության մասին: Վազգեն սրբազանը  այս հարցերից առանձնացնում է  եկեղեցու կանոնադրության վերակազմակերպման հարցը:

Հոգևոր խորհրդի անդամներն Արցախում անցկացնելու են երեք օր. նրանք հանդիպել են հավատացյալ ժողովրդի հետ, այցելել են զորամասեր: Գերագույն հհոգեւոր խորհրդի նիստի ընթացքում հայտարարվել է, որ Ս․ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոսության թեմերի անունից Արցախին արցախահայության կարիքների համար Մայր Աթոռը վերստին հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել:

Back to top button