Հասարակություն

ԼՂՀ ՊԲ սահմանների հսկողությունն ուժեղացվել է ՏՏ կիրառմամբ (լուսանկարներ)

satikisahakyan
ԼՂՀ պաշտպանության բանակի սահմանների հսկողությունն ուժեղացվել է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Այն վերահսկում է սահմանի յուրաքանչյուր շարժը: Դիրքերում կան խմելու ջրի ծորակներ:  «Ռադիոլուր»-ը եղել է դիրքերում, ծանոթացել իրավիճակին, հանդիպել  ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված երկու զինծառայողի, երկուսն էլ Արման, մեկը շարունակում է ծառայությունը, մյուսը՝ ոչ, պարզապես հյուր էր եկել զինակից ընկերներին:

Արցախի հարավ- արևելյան սահմանը պահող զինվորների աչալրջությունը չի թուլանում, հերթափոխով հսկում են դիրքերը, հանգստանում, սննդի ու դեղորայքի պակաս չունեն: Իրենք են իրենց խոհարարն ու սանիտարը, ծառայում են ու գնահատում իրենց ծառայության արժեքը: Բանակը փոխում է տղաների հայացքներն ու մտածելակերպը, վերարժևորում՝ հայրենիքն ու հայրենի տունը: Ծառայության ընթացքում՝ հատկապես դիրքերում, զինծառայողները  դառնում են մի ընտանիք, հարզատի նման:

Արցախի հարավ-արևելյան սահմանը պահող դիրքերից մեկում հանդիպեցի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, այժմ կրկին դիրքը պահող զինվորին՝ Արման Կիրակոսյանին: Զինվորը քչախոս է, հոգում ցավ  ու կսկիծ կա: Արման Կիրակոսյանն Արցախից է, արդեն մեկ տարի երկու ամիս ծառայության մեջ  է:

Ապրիլի 2-ի գիշերը  հակառակորդի հարձակման ժամանակ հրաշքով է փրկվել, վիրավորվել էր,  իր հետ գտնվող բոլոր տղաները զոհվել ՝ Օլեգը, Մաքսիմը, Օնիկը,  շարունակում է դիրքապահ սպան , մեջբերում եմ «Առաջնագծով տեղակալը, թիկունքի պետը,  յուրիստ պոլկան, հրետանու պետը ու  բոլորը մեր ընկերներն էին»:

Նրանք չցանկացան շարունակել, չցանկացան նաև ձայնագրվել՝ հուզվում են,  հիշելիս ամեն անգամ վերապրում են  ծանր օրերը,  հոգեպես տանջվում: Արման Կիրակոսյանը վիրավորվել էր 2 ոտքից ու ձեռքից. «Ինձ վրա մուխա  է ընկել, հետո թշնամին մտավ դիրքեր, սկսեցին  անընդհատ կրակել, ես փախել եմ, իրենց փամփուշտներն էլ վերջացել էին,  հասել եմ մյուս ընկերներիս մոտ»:

Արման Կիրակոսյանին օգնության են հասել մյուս դիրքերի զինվորները: Արմանը ցույց տվեց նաև իր կրծքագրպանում դրված կաշվե նոթատետրի վնասված  կազմը: Նոթատետրում սրբապատկերներ են, որոնք  միշտ պահում է  սրտին մոտ: Արմանը հուլիսից կրկին ծառայության մեջ է:

Դիրքերից մեկում հանդիպեցի նաև ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված մեկ այլ զինվորի՝ Արման Ավետիսյանին:  Նա հյուր էր, եկել էր տեսնելու իր զինակից ընկերներին: Պատերազմի ժամանակ տղան կորցրել էր ոտքը, ապաքինվել է, ձախ  ոտքի սրունքը  պրոթեզավորվել: Արմանը վիրավորվել էր նռնակի պայթյունից: Որակում է՝ բացահայտ հարձակում էր, պատերազմ, ուրիշ անուն չի կարելի տալ:

Ընկերներից  6 զոհվել են՝ Արման Անդրեասյանը, Ազատ Սիմոնյանը, Գրիշան,  Արթուրը, Նորայր Շահբազյանը… լռում է: Արման Ավետիսյանը  տասը ամիս հերթափոխով  դիրքերում  է  եղել, ընդամենը  14 ամիս է ծառայել, ասաց, որ մի ընտանիքի պես են եղել, ընկերների հետ, եթե վեճ են ունեցել, ապա մարտական հերթապահության բարձրանալիս ամեն ինչ դրվել է մի կողմ, մոռացվել: Արմանին կարոտն էր բերել դիրքեր:

Արցախի դիրքերի պաշտպանությունն այժմ հսկվում է նաև նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, որով նկատվում է յուրաքանչյուր շարժ: Մեր դիրքապահների հսկողության տեսադաշտում էի հայտնվել նաև ես, վայրկյաններ անց նրանք արդեն իմ կողքին էին՝ հեռու պահելով թշնամու դիպուկահարի տեսադաշտից:

Դիրքերում շրջում էր զինվորական բժիշկ  Արա Գոքորյանը, հետևում զինվորների առողջությանը: Հարավային սահմանում կլիման տաք է, թոքաբորոբով հիվանդներ քիչ են լինում, թեթև մաշկային  ինֆեկցիաները բուժում են: Արա Գոքորյանը ցույց տվեց իրենց բժշկական մեքենան, որի մեջ անհրաժեշտ դեղորայքն է: «Առաջին բուժօգնության պարագաներով ապահովված ենք, իսկ անհրաժեշտության դեպքում, ասենք կույր աղիքի բորբոքում կամ որևէ այլ հիվանդության  ժամանակ զինվորին տեղափոխում ենք հոսպիտալ, որը մոտ է գտնվում մեր զորամասին»,- ասաց զինվորական բժիշկը:

Հարաբերական հրադադարի պայմաններոմ մեր զինվորները շարունակում են իրենց ծառայությունը: Խաղաղ ծառայություն քեզ, սահմանապահ զինվոր:

Back to top button