Հասարակություն

Ապրիլյան 7 հերոսների անուններով անվանակոչվեցին դասարաններ ու հուշապուրակներ

annamartikyan

Ապրիլյան քառօրյա ճակատամարտը կորստի վշտի հետ մեկտեղ նաև բացահայտում էր, թե ինչպես կարող են իրենց կյանքի դեռ 2-րդ տասնամյակը չբոլորած հայորդիները գերմարդկային սխրանքներ գործել` հանուն հայրենիքի գիտակցված նետվելով մահվանն ընդառաջ: Շարքային Տիգրան Աբգարյան՝ հզոր կամքով փոքրամարմին գյումրեցի տանկիստն իր հերոսությամբ հավերժացավ մեր նորօրյա պատմության էջերին:  

Հերոս հայորդու հիշատակն հավերժացնող հուշաքարի բացման պատիվը հերոսի փառքով ընկած գյումրեցի երիտասարդների մայրերինն էր:  Գյումրիում ապրիլյան քառօրյայի 7 հերոսների անուններով անվանակոչվեցին դասարաններ, փողոց, հուշարձաններ ու հուշապուրակներ: Հերթականը՝ նվիրված էր մեր մեր հերոս տանկիստի հիշատակին, Տիգրանենց փողոցում:

Տիգրանի հայր՝ Արամն էլ էր ծառայության ընթացքում տանկիստ եղել, վստահ էր, որ խիզախ որդի է մեծացրել, բայց նույնիսկ ինքը չէր սպասում, թե հայրենիքի օրհասական պահին ինչ սխրանքի ընդունակ կլինի իր հերոս որդին: Ջրականում (Ջաբրայիլ) ապրիլի 3-ին շարքային Տիգրան Աբգարյանն իր մարտական ընկերների՝ Մոնթեի՝ Բենիամին Եղոյանի, և Վլադիմիր Ալիխանյանի հետ, տանկով մխրճվեց հակառակորդի  տեխնիկապես ավելի հզոր 8 տանկի մեջ, ոչնչացրեց 3-ին ու ընկավ հերոսի մահով:  

Տիգրանենց տան բակում բացված և օծված հուշաքարը, ցայտաղբյուրն ու տան դիմապատին բացված հուշատախտակը անցորդներին կվկայեն, որ Տիգրանը միշտ ներկա է, ու միշտ մեզ հետ: Հուշապուրակի պատին հավերժության խորհրդանիշ և տանկի քանդակն է Տիգրանի, Մոնթեի ու Վլադի անուններով, իսկ պատը կառուցված էր այն քարերից, որոնք Տիգրանն էր հավաքել Հայատանի տարբեր բնակավայրերից, միասնության պատ կառուցելու համր:  

Քարերի հարցով Տիգրանի կիսատ գործը ավարտին հասցրեց հայրը, իսկ հայրենիքի պաշպանի գործը կշարունակեն նորօրյա Տիգրանները: Բազնմաթիվ հյուրերի ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ հուշաքարի բացմանը ներկա էր նաև Ապրիլյան քառօրյայից հետո ծնված ու Տանկիստ Տիգրանի պատվին անվանակոչված փոքրիկ Տիգրանը, ով իր փոքրիկ թաթիկներով ամուր գրկել էր մեծ Տիգրանի մայրիկին՝ ինչպես մեծ Տիգրանը կաներ՝ սփոփելով վիշտն ու նոր հույս ներշնչելով ապագայի հանդեպ: 

Back to top button