Միջազգային

Ուզբեկստանի կառավարությունը հայտարարեց նախագահ Քարիմովի մահվան մասին

Ուզբեկստանում 79 տարեկան հասակում մահացել է հանրապետության նախագահ Իսլամ Քարիմովը՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի կառավարության եւ խորհրդարանի տարածած հաղորդագրությունը։

Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմերի 3- ին։ Նախագահի մահվան կապակցությամբ Ուզբեկստանում հայտարարվել է եռօրյա սուգ։

Քարիմովը հիվանդանոց էր տեղափոխվել ուղեղի կաթվածով, պաշտոնապես նրա հիվանդության մասին լուրերը շատ ժլատ էին եւ հրապարակվում էին մեծ ուշացումով։ Միայն այսօր առավոտյան երկրի կառավարությունը հայտարարեց, որ պետության ղեկավարը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչդեռ տեղական անկախ լրատվամիջոցները արդեն երկու օր է հայտարարում են Քարիմովի մահվան մասին։ Այսօր նրա մահվան մասին հայտնել էր նաեւ «Ռոյթեր» գործակալությունը, իսկ ավելի ուշ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն էր կառավարության նիստում ցավակցություն հայտնել նրա մահվան կապակցությամբ։

Այսօր նաեւ հայտնի էր դարձել, որ փակվել է Քարիմովի ծննդավայր Սամարղանդ քաղաքի օդանավակայանը, որը լրատվամիջոցները գնահատում էին նրա մահվան ապացույց եւ հուղարկավորության նախապատրաստություն։

Իսլամ Քարիմովը Ուզբեկստանը ղեկավարում է 1989 թվականից, սկզբում որպես խորհրդային հանրապետության կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, 1990 թվականի մարտի 24- ին Ուզբեկական ՍՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընտրվել է նախագահ։

ԽՍՀՄ փլուզումից եւ Ուզբեկստանի անկախությունից հետո նա եղել է միջինասիական այս երկրի անփոփոխ ղեկավարը։

Back to top button