Երեւանը նոր աղբավայր կունենա՝ որոշեց կառավարությունը
տեղադրվել է ժամը 11։32- ին
լրացվել է ժամը 17։29- ին
Սեպտեմբերի 12-ը Հայաստանում ոչ աշխատանքային, իսկ 17-ը՝ աշխատանքային կլինի: Նախագիծն այսօր է հաստատվել կառավարության նիստում: Գործադիրում նաև որոշել են՝ Երևանը նոր աղբավայր կունենա: Այն գործողի հարեւանությամբ անխնամ ու ոչ կանաչապատ տարածքում կլինի:
Երեք տասնյակից ավելի հարցեր՝ կառավարության նիստի օրակարգում: Գործադիրում որոշեցին պետական մարմինների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական առցանց հարթակ ստեղծել: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի պարզաբանումը հետևյալն է՝ տարբեր իրավաստեղծ մարմինների կողմից մշակվում են նորմատիվ իրավական ակտեր, բայց հաճախ հասարակությունը տեղեկացված չէ, ավելին՝ հնարավորություն չունի մասնակցել դրանց քննարկմանը:
Փոխնախարարը չի հերքում՝ պետական մարմինները նախագծերը տեղադրում են իրենց կայքերում, սակայն այդ գործիքները հասանելի չեն։ «Միասնական հարթակի ստեղծումը հնարավորություն կտա մեկտեղ հավաքել տարբեր պետական մարմինների կողմից մշակվող բոլոր իրավական ակտերը, քաղաքացիներն ու հասարակական կազմակերպությունները կարող են նաև ծանուցվել ու մասնակցել քննարկումներին, տեսնել իրենց առաջարկությունների «ճակատագիրը»:
Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն է հստակեցնում՝ սա նաև միջազգային պարտավորություն է՝ ՀՀ քաղաքացիները ցանկացած օրենքի առաջին իսկ փուլից իր կարծիքն արտահայտելու հնարավորություն պետք է ունենան: ԿԲ- ն սակայն այդպես չի կարծում: Գլխավոր դրամատանը կարծում են, որ նախաձեռնությունն իրենց վրա չպետք է տարածվի։ Պատճառաբանությունը մեկն է՝ արդեն երկար ժամանակ նման գործելաոճով են աշխատում։ Վերջնական որոշումը կընդունվի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի Արցախից վերադառնալուց հետո:
ՀՀ և ՎԶԵԲ-ի միջև կնքված վարկային համաձայնագրով Երևանում նոր աղբավայր կկառուցվի: Տարածքը գործողին հարակից է, ոչ անտառապատ, գործող աղբավայրի շարունակությունն է՝ հստակեցրեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Կառավարությունը հաստատեց նաև Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ռազմավարությանը և 2016-2020 թթ-ի գործողությունների ծրագիրը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ, 2016-2020 թվականների համար անհրաժեշտ է ունենալ նոր ազգային ռազմավարություն և ծրագիր` համահունչ միջազգային գլոբալ ռազմավարություններին՝ ասում է նախարարը։ «Ռազմավարության ակնկալվող արդյունքներով նախատեսվում էր կրճատել 0-1 տարեկան երեխաների մահացությունը 30%-ով` 2006թ. 13,9‰ ելքային ցուցանիշի նկատմամբ: Ըստ ԱՎԾ-ի հրապարակած նախնական տվյալների, 2015թ. հաջողվել է կրճատել 0-1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը մինչև 8,8%՝ նվազեցնելով այն 36,7%-ով»,- տեղեկացնում է նախարարը եւ շարունակում՝ մինչև մեկ տարեկան երեխաների մահացությունը նվազել է 37 տոկոսով, մինչև հինգ տարեկաններինը՝է 35 տոկոսով:
Ուժեղ քամու հետևանքով վնասվել է Երևանի թիվ 115 ավագ դպրոցի ու դրա հարևանությամբ գտնվող տան տանիքը: ԿԳՆ հաշվարկներով՝ շուրջ 40 մլն դրամ է անհրաժեշտ վերանորոգման համար։
Սեպտեմբերի 12-ը Հայաստանում ոչ աշխատանքային, իսկ 17-ը՝ աշխատանքային կլինի: Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացմամբ, սեպտեմբերի 11-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը, որին հաջորդող երկուշաբթին ննջեցյալների հիշատակի օր է: Աշխատանքային օրերի փոփոխությունը սրանով էր պայմանավորված: