Հասարակություն

Արցախն այսօր կայացած պետություն է. մտավորականներ

alisagevorgyan
Արցախի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմության սկիզբը դրվեց ուղիղ 25 տարի առաջ, երբ 1991-թ. սեպտեմբերի 2–ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում  ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: «Անցած տարիների  դժվարություններով ու  խնդիրներով հանդերձ, Արցախն այսօր կայացած պետություն է»,-արձանագրում են հայ մտավորականները: 

 

Աստված մարդուն ստեղծեց ազատ, հետևաբար մարդը, ինչպես և ժողովուրդը կարող է  կայանալ միայն լիակատար անկախության  ու ազատության պայմաններում, երբ ինքն է որոշում իր սեփական ճակատագիրը: Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ տարիներ առաջ ընդունված հռչակագրով թվում էր, թե գործն ավարտեցինք, բայց իրականում դա միայն սկիզբն էր, որովհետև յուրաքանչյուր փաստաթուղթ արժևորվում է այն ժամանակ, երբ լցվում է բովանդակությամբ և իրական կյանքը համապատասխանում է այդ բովանդակությանը:

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն ընդգծում է պետության կայացման մասին վկայող չափազանց կարևոր մի գործոն, որն ինչպես ասում է, հաճույքով արձանագարում է յուրաքանչյուր այցի ժամանակ. Արցախում կայացել է քաղաքացին: «Արցախցու վերաբերմունքը սեփական գյուղի, քաղաքի հանդեպ, ես չեմ տեսնում անգամ Հայաստանում»,-ասում է Տեր-Գուլանյանը: Մտավորականը վստահ է, որ արցախցին վաղուց վաստակել է սեփական ճակատագիրը տնօրինելու պատիվն ու իրավունքը, հետևաբար բանակցային գործընթացն առանց Արցախի մասնակցության պարզապես անիմաստ է: Ըստ գրողի, Արցախի ճակատագիրը նախևառաջ արցախցու ձեռքերում է:

«Տարածքը կարելի է տալ, վաճառել, ձեռք բերել, փոխանակել, վարձակալության հանձնել: Այս բոլոր գործողությունները չի կարելի անել հայրենիքի հետ, իսկ տարածքը հայերնիք է դառնում մարդկանցով: Հայրենիքը դադարում է լինել այդպիսին, երբ այնտեղ մարդիկ չեն ապրում»: Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի բնորոշմամաբ մենք այսօր հայրենիքը վերածում ենք տարածքի և դա վերաբերում է ոչ միայն Արցախին, այլև  Հայաստանին:

 

«Կարին» ավանդական երգ-պարի համույթի ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը Արցախ, Հայաստան, հայկական զույգ պետականության կայացման վերաբերյալ սեփական պատկերացումներն ունի.« Հյաստանն ու Արցախը պետք է վերամիավորվեն»:

Այն, ինչ կարող են լավագույնս բնորոշել ժամանակակից Արցախը՝ ըստ Գագիկ Գինոսյանի. Հերոսների պանթեոնը՝ Ստեփանակերտում և  երևանյան Եռաբլուրը, արցախցու արժանապատիվ կեցվածքն ու առաջնագիծը պահող հայ զինվորը, որը բազմիցս ապացուցել է, որ ինքն է սեփական երկրի տերը:

Back to top button