Վերլուծական

Թուրքիային տրված կանաչ լույսը կգործի այն տվողների դեմ

karenghazaryan
Սիրիայի հյուսիսային հատվածում Թուրքիայի ռազմական գործողությունները շարունակվում են: Հայաստանցի փորձագետները հակված են կարծելու, որ  դրանք լինելու են երկարաժամկետ եւ բարդ է կանխատեսել, թե ինչպիսի արդյունքներով: Բոլորը խաղում են բոլորի հետ եւ բոլորը խաղում են բոլորի դեմ՝ այսպիսի գնահատական է լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ տվել թուրքագետ Լեւոն Հովսեփյանը: Ըստ նրա՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների առջեւ կանաչ լույս են վառել ուժային կենտրոնները, սակայն՝ որոշակի սահմանափակումներով, մինչդեռ, Թուրքիան այդ սահմանափակումները խախտում է, ինչը կհանգեցնի այն բանին, որ Թուրքիային տրված կանաչ լույսը կգործի այն տվողների դեմ: Այս տեսակետը կիսել է նաեւ արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը համոզված է, որ Սիրիայում Թուրքիայի ծավալած ռազմական գործողությունների հետ կապված որոշակի պայմանավորվածություններ կան ուժային կենտրոնների հետ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի:

«Ես ուղղակի բացառում եմ, որ առանց համաձայնության Թուրքիայի զինված ուժերը՝ Թուրքիան, կարող էր իրականացնել նման գործողություններ, այսինքն՝ թուրքիայի առջեւ վառվել է որոշակի կանաչ լույս. Թուրքիային տրվել են որոշակի հնարավորություններ, բայց, այդուհանդերձ, սահմանափակ»:

Աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ Թուրքիայի առջեւ վառված կանաչ լույսը, սակայն, թուրքագետի գնահատմամբ, հետագայում գլխացավանք է դառնալու հենց այդ լույսը վառողների համար: Թուրքիան փաստի առաջ է կանգնեցրել վերջիններիս՝ իր ռազմական գործողություններով փաստացիորեն Սիրիայի տարածքում ստեղծելով այն անվտանգության գոտին, որի մասին նախկինում հայտարարում էր Անկարան, եւ որին դեմ էր մասնավորապես ԱՄՆ-ն եւ ոըը ձեռնտու  չէ Ռուսաստանին: Փոխարենը՝ Ռուսաստանին ձեռնտու է, որ այդ համատեքստում շարունակվելու են սրվել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները՝ կարծում է թուրքագետը: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կիսում է թուրքագետ գործընկերոջ դիտարկումները:

«Թուրքիան Սիրիայում իր ներկայությունը դարձրեց ավելի առարկայական: Մինչ այդ նա իր կողմից ֆինանսավորվող կառույցների միջոցով էր ներկայացված այդ հատվածում, իսկ հիմա արդեն իր սեփական զինուժով, որը նրան որոշակի լայն հնարավորություններ է տալիս»:

Ինչպիսի՞ն կլինեն զարգացումները: Փորձագետները չափազանց բարդ են համարում կանխատեսելը, քանի որ ազդող գործոնները բավականին շատ են: Մի բան, ըստ նրանց, հստակ է՝ Թուրքիան մտել է մի խաղի մեջ, որից դուրս գալը բավականին բարդ է լինելու նաեւ հենց Թուրքիայի համար: Բարդ է լինելու նաեւ նույն ուժային կենտրոնների համար՝ Թուրքիային զսպելու առումով, քանի որ արդեն փաստ է Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում, ինչը վերջինը փորձելու է ընդլայնել ու պահպանել երկարաժամկետ:

Back to top button