Հասարակություն

Արցախում առաջին դասը նվիրված էր ԼՂՀ անկախության 25- ամյակին

Լուսանկարը՝«Արցախպրեսի»

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր Արցախի կրթօջախներում առաջին դասը նվիրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որի հռչակման 25-ամյակը նշելու ենք վաղը: Այսօր ուսումնական տարվա առաջին զանգը  հնչել է Արցախի 217 դպրոցներում: Հանրակրթական դպրոցների թիվը 2016-2017  ուսումնական տարում երկուսով կրճատվել է: 

Արցախում հանրակրթական դպրոցների թիվը 2016-2017  ուսումնական տարում երկուսով կրճատվել է:  Կրճատված դպրոցներից մեկը Շուշիում է: Ավագ դպրոցներից մեկը վերամիավորվել է Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցին: Առաջին զանգն այսօր չի հնչել Թալիշի կրթօջախում. փոխարենը Ալաշանում, որտեղ թալիշցիներն են ապաստանել, ժամանակավոր դպրոց է գործելու։

Այսօր Ալաշան է այցելել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը: Ժամանակավոր դպրոցում թալիշցիներն իրենց հարազատ կրթօջախից բերված գրատախտակ են կախել` ապրիլի 2-ի գրառումով, որը հուշում է հարազատ գյուղում վերջին դասի մասին, եւ որ մի օր Թալիշի դպրոցում կրկին ղողանջելու է զանգը եւ իր հարկի տակ  22-ի փոխարեն հարյուրավոր աշակերտներ է կանչելու` թալիշցիները հավատում են:

Թալիշ- Ալաշանի առաջին դասարան այսօր մեկ երեխան հաճախեց, Արցախի բոլոր դպրոցներում առաջին դասարանցիների թիվը  2600 է:

Այսօր առաջին անգամ իրենց դռներն են բացել մի շարք նախադպրոցական հիմնարկներ: Տարվա ընթացքում շահագործման կհանձնվեն   Շուշիի, Սարուշենի, Մոխրաթաղի մանկապարտեզները:

Ուսումնական տարվա նախօրյակին բարերաներից ժամանակակից մարզադահլիճներ են ստացել Մարտունու շրջանի Գիշու եւ ճարտարի դպրոցները: Վաղը Շուշիում իր դռներն է բացելու հանրակացարանային ուսանողական համալիրը` այս ուսումնականից առաջին ընդունելությունը կատարած Շուշիի տեխնոլոգիական համալսարանի եւ Ֆրանսիական մոդելով գործող Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի  շրջակայքը առաջիկայում վերածվելու է ուսանողական ավանի:

Back to top button