ՀասարակությունՎերլուծական

ԵՏՄ կողմնակիցների թիվը նվազում է՝ ցույց են տալիս սոցհարցումները

lusinevasilyan

2016 թ. օգոստոսին Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ու «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» կազմակերպությունը սոցիոլոգիական հարցում են  անցկացրել՝ փորձելով պարզել հանրային տրամադրություններն արտաքին կողմնորոշումների վերաբերյալ: Սա նույնատիպ երրորդ հետազոտությունն է. համանման   հարցումներ իրականացվել են նաև  2014,  2015 թվականներին և  համեմատվել են վերջին երեք տարիների արդյունքները: Սա, ըստ հեղինակների , թույլ է տվել գնահատել տրամադրությունների փոփոխությունը:

2014-ին Եվրասիական տնտեսական միության կողմնակիցները հանրության ավելի մեծ մասն են կազմել, քան 2016-ին: Այլ կերպ՝ ԵՏՄ անդամակցությունը գերադասելի համարողների թիվը  վերջին երեք տարիների ընթացքում նվազել է, փոխարենն աճել է դեպի արևմուտք Հայաստանի կողմնորոշումը ճիշտ համարողների քանակը: Սա՝ ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» կազմակերպության կողմից իրականացված սոցհարցման արդյունքների:

Ըստ սոցիոլոգ Ռուբեն Սարգսյանի  ներկայացրած տվյալների՝ ընդհանուր առմամբ հարցվածների 41%-ը կարծում է, որ Հայաստանը պետք է անդամակցի եվրոպական կառույցներին, 25%-ը շարունակում է վստահել  Եվրասիական տնտեսական միությանը, 6%-ը՝ և մեկին, և մյուսին անդամակցելու կողմնակից է, 9%-ը դեմ է երկու կողմնորոշումներին էլ:

Եվրամիությանը նախապատվություն տվողների թիվն առավել բարձր է երիտասարդների և իգական սեռի ներկայացուցիչների շրջանում: Իսկ ըստ մարզերի տրամադրությունները  գրեթե նույնն են:

Հարցման հեղինակները  փորձել են նաև բացահայտել հարցվողների կարծիքը Հայաստանի հանդեպ այլ  պետությունների դիրքորոշման կամ հարաբերությունների բնույթի մասին: «Հայաստանի հանդեպ բարեկամական հարաբերություններ դրսևորող երկրների ցանկում առաջին  տեղում  Ֆրանսիան  է (78.8%), ապա՝ Ռուսաստանը (61.1%) ,  հետո՝ Գերմանիան (53.8%): Ըստ հարցվողների՝ Հայաստանի հանդեպ ամենաթշնամական տրամադրված են Ադրբեջանը (96.6%) և Թուրքիան (91.3%)»:

Հետազոտության հեղինակները փորձել են հասկանալ նաև  հարցվողների միգրացիոն մտադրությունները: Հարցին, թե հնարավորության դեպքում արդյոք կմեկնեի՞ք Հայաստանից դուրս մշտական բնակության, հարցվողների մոտ 40%-ը «միանշանակ այո», իսկ  17%-ը՝ «հավանաբար այո»  է պատասխանել:

Թե որոնք են նախապատվությունների փոփոխման պատճառները, թե ինչ գործոններ են այդ միտումների  հիմքում,  հեղինակները փորձում են չգնահատել: Բայց մի արձանագրում, որպես կարևոր, անում է ՀՔԱ-ի ղեկավարը:  Սաքունցն ասում է մտահոգիչը հանրային և պաշտոնական տրամադրությունների խզումն է:

Հեղինակների փոխանցմամբ՝  ուսումնասիրությունն իրականացվել է 1200 հոգու շրջանում  Հայաստանի բոլոր  մարզերում, մասնագիտական բնորոշմամբ՝ կիսաստանդարտացված հարցազրույցների մեթոդով:

 

Back to top button