ԿարևորՀասարակություն

Հանրային ռադիոն հոբելյանը նշում է նոր եթերաշրջանով

alisagevorgyan
1926 թվականի հունիսի 13-ին «Խորհրդային Հայաստան» թերթի ընթերցողներն իմացան, որ սկսվել է Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը: Օգոստոսի 27-ին նույն թերթը տեղեկացրեց. «Երևանի կայարանի մոտ գտնվող լայնահաղորդ ռադիոկայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են: Հինգ օր հետո կայանը կսկսի իր աշխատանքը»: 1926 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը: Հայաստանի Հանրային ռադիոն այսօր նշում է հոբելյանական 90-րդ տարեդարձը՝ այն նշանավորելով  նոր եթերաշրջանով: Ինչ է դա ենթադրում. «Ռադիոլուր»-ը զրուցել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանի հետ:

 

Համաշխարհային գիտության ու տեխնիկայի պատմության մեջ մայիսի յոթն ամրագրվեց որպես ռադիոյի ծննդյան օր: 1895 թվականի հենց այդ օրը Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը՝ իրականացնելով ռադիոկապի առաջին փորձարկումը: 1926 թվականին ռադիոն խոսեց նաև հայերեն:

Սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչել է Երևանի ձայնը: «Խոսում է Երևանը»… արդեն 90 տարի հնչում են այս բառերը ՝ աշխարհով մեկ տարածելով հայկական պետության ձայնը: Թիկունքում տարիների պատկառելի բեռով, բայց հավերժ երիտասարդ ռադիոն իր ունկնդրին այսօր ներկայանում է նոր եթերաշրջանով: Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանի հետ ենք զրուցում:

«Երկու տասնյակ նոր ծրագրեր, որոնք առաջին հերթին ուղղված են հասարակական շահերի սպասարկմանն ու քաղաքացիների իրավագիտակցության բարձացմանը: Հանրային ռադիոյի ծրագրացանկը  կլրացնեն հանրության ամենատարբեր շերտերին ուղղված քաղաքական, սոցիալական, առողջապահական, տնտեսական և այլ ոլորտներին առնչվող  նոր ծրագրերը:  Արդեն ծանոթ և սիրված ձայների հետ մեկտեղ կլսեք նոր անուններ, որոնք, հուսով եմ, կարճ ժամանակ անց կդառնան ոչ պակաս սպասված»,- ասում է Արման Սաղաթելյանը:

Սոցիալական կյանքում անհրաժեշտ ծրագրերի կողքին նաև մանկապատանեկան, կրթական, մշակութային ու քաղաքական նոր հաղորդումներն են:  Ռադիոյի տնօրենը չափազանց կարևորում է ունկնդրի հետ ուղիղ կապի հնարավորությունը:

Հանրային ռադիոյի պատկառելի տարիքն ու նրա փառահեղ անցյալը ռադիոյականներին հպարտություն են  ներշնչում, բայց նաև պարտավորեցնում: Սաղաթելյանի ձևակերպմամբ՝ մեդիա ոլորտում Հանրային ռադիոն այսօր մենաշնորհային դիրք չունի, ավելին՝ այն գործում է ակտիվ, բաց  մրցակցային դաշտում և  բազմաթիվ շահերի բախման միջավայրում , որտեղ հաջողությունն ամրապնդելու համար մի քանի գործոններ է կարևորվում՝ արդյունավետ կառավարում, միջազգային  փորձ, կադրային ներուժ: Արման Սաղաթելյանի համոզմամբ՝  ռադիոյի տասնամյակների կուտակված փորձն ու մեդիա կառավարման ժամանակակից մոտեցումները  հրաշալի արդյունք են խոստանում: Ռադիոն այսօր շարժվում է առաջ՝ նպատակ ունենալով իր ակտիվ ու հավատարիմ ունկնդիրների ցանկում ներգրավել հասարակության սոցիալապես ակտիվ զանգվածը:

Եվ վերջում մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրային ռադիոն այսօր նշում է հոբելյանական՝ 90-րդ տարեդարձը՝ այն նշանավորելով  նոր եթերաշրջանով։

Back to top button