Հասարակություն

Նախագահն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Գիտելիքի և դպրության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի և ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել են ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հարազատներ, ՀՀ ՊՆ զինված ուժերի, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ կրթության և գիտության նախարարը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ, հանրապետության այլ բուհերի ռեկտորներ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներ, կուրսանտներ:

Զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման և օծման արարողությունից հետո Հանրապետության Նախագահը և արարողության մասնակիցները ծաղիկներ են դրել խաչքարին, հարգանքի տուրք մատուցել:

Բացման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի և հրամանատարաշտաբային ֆակուլտետի մասնաշենքի բացման արարողության կապակցությամբ: Նախագահը շրջայց է կատարել հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ուսումնառության պայմաններին: Բուհի պատասխանատուների ներկայացմամբ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի շահագործումը հնարավորություն է ընձեռում ոչ միայն արդյունավետ կազմակերպել և անցկացնել սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, այլև ստեղծել ռազմական գիտության տեսության մշակման համար ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ նախադրյալներ: Ֆակուլտետի կազմում մտնում են միջազգային և ազգային անվտանգության, ռազմարվեստի, ռազմամասնագիտական ամբիոնները:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողության կապակցությամբ

Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, կուրսանտներ,
Հարգելի՛ հյուրեր,

Հայաստանի համար այսօր ուշագրավ օր է, քանզի հավաքվել ենք մեր զինված ուժերի զինվորական կադրերի պատրաստման առաջատար կրթօջախում` Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողության կապակցությամբ: Նման ուսումնական հաստատության ստեղծման համար հավասարաչափ պարտական ենք ինչպես մեր ռազմական գերատեսչության մասնագետների եռանդին ու ջանասիրությանը, այնպես էլ մեր բարեկամ և գործընկեր պետությունների ակադեմիական փորձին:

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ինստիտուցիոնալ հիմքի վրա է դրվել ամբողջական սպայական կրթություն ապահովելու գործընթացը` նախազորակոչային պատրաստությունից մինչև ավագ և բարձրագույն սպայական կազմերի կրթության փուլերը: Կարծում եմ՝ սա լուրջ ձեռքբերում է:

Սպայակազմն, ըստ էության, պետության ողնաշարն է, և հավատում եմ, որ այդ ամրությունն ուժեղանում է նրանց գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմամբ: Այս գործընթացում առանցքային դերերից մեկը պատկանում է ռազմական կրթությանը:

Բարձրագույն ռազմական կրթության այս հաստատությունը գումարտակ-բրիգադ օղակում մեր հրամանատարներին և շտաբային սպաներին կտրամադրի համազորային, համատեղ, համապետական և բազմազգ օպերատիվ միջավայրում կողմնորոշվելու, որոշում ընդունելու և գործելու իմացություն՝ զուգահեռաբար ապահովելով նրանց որակավորումը՝ որպես ռազմական կառավարման մագիստրոսներ: Համոզված եմ, որ հրամանատարաշտաբային ֆակուլտետը դառնալու է քննադատական, ստեղծագործական և համակարգային մտածելակերպով օժտված հայոց զինուժի ավագ սպայակազմի կրթության դարբնոցը:

Այժմ ցանկանում եմ խոսքս հղել ֆակուլտետի ունկնդիրներին:

Հարգելի՛ սպաներ,

Այսօր մեկնարկում է ձեր մագիստրոսական ուսումնառության փուլը, որտեղ ձեռք եք բերելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ապագա առաջնորդներ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնցից առանցքային են կառավարման գիտությունը և ղեկավարման արվեստը:

Հայաստանը յուրահատուկ երկիր է՝ եզակի մարտահրավերներով ու դերակատարությամբ: Մեր հայրենիքն ունի շատ ուժեղ կողմեր, որոնցից ամենավառը հայ մարդն է՝ իր ստեղծագործական մտքով և արարելու անսպառ էներգիայով:

Հրամանատարաշտաբային ֆակուլտետում ձեռքբերվելիք առաջնորդական գիտելիքներն ու հմտությունները ձեզ կուղղորդեն բարդ առաջադրանքների կատարման և մարտահրավերների չեզոքացման հարցում, կներարկեն անորոշ իրավիճակներում վերադասի մտադրությունը խորը ըմբռնելու և հստակ գործողության մտահղացման միջոցով ենթակաների գործողությունները ուղղորդելու մնայուն հատկանիշներ: Ապրիլյան մարտական գործողությունները գալիս են կրկին հաստատելու, որ հայրենիքի պաշտպանությանն անվերապահ նվիրվածությունը մեր բանակին հաղորդում է դիմահար, առանց օտարի վրա հույս դնելու, բախման մեջ ախոյանի քանակն ու զինանոցը չեզոքացնելու մրցակցային առավելություն: Այդ մրցակցային առավելությունն է, որ գոյամարտի հենց առաջին օրերից և բանակաշինության բոլոր տարիներին եղել ու մնում է մեր զինուժի հաղթաթուղթը, որը առօրյա ծառայության և մարտական գործողությունների ժամանակ պետք է պահեն ու զարգացնեն նաև հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտները:

Հարգելի՛ սպաներ,

Դուք եք ձևավորելու Հայաստանի Հանրապետության ապագա ռազմական ղեկավարությունը: Իմ ցանկությունն է, որ ձեր կյանքի այս հատվածն ընդունեք որպես պրոֆեսիոնալ սպաների կայացման կարևորագույն ուղենիշ: Շնորհավորելով բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակցությամբ՝ համոզված եմ, որ ձեր կողմից ձեռքբերվելիք գիտելիքների և հմտությունների հետ մեծ հույսեր են կապում մեր ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, ձեր անմիջական հրամանատարներն ու գործընկերները, բայց ամենակարևորը` ձեր ենթակաները:

Եվ քանի որ այսօր սեպտեմբերի 1-ն է, օգտվելով առիթից, այս խորհրդանշական վայրից ուզում եմ ուղերձով դիմել Հայաստանի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այսօր դպրոց ու բուհ են գնացել:

Back to top button