Հասարակություն

Համեստ ու բովանդակալից. Արցախում մեկնարկում են Անկախության 25- ամյակի տոնակատարությունները

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այս օրերին  սկսվել են  ԼՂՀ հռչակման 25-ամյակի միջոցառումները:  Հայկական երկրորդ հանրապետության ծննդյան օրը նախապես ծրագրվում էր նշել մեծ շուքով, սակայն ապրիլյան պատերազմը որոշակի սրբագրումներ մտցրեց նաեւ այդ ծրագրերում:  ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքով՝  ծրագրված միջոցառումները լինելու են համեստ ու բովանդակալից:

Այսօր Արցախի խորհրդարանի պատգամավորները այցելել են առաջնադիրք` առաջին տոնական շնորհավորանքը  հանրապետության խաղաղությունն ապահովողներինն է:   Հանրապետության օրվան ընդառաջ միջոցառումները հիմնականում մշակութային են. նախօրյակին Շուշիում փակվել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության 4-րդ միջազգային սիմպոզիումը` 9  նոր քանդակ նվիրելով Շուշիին։

Հանրապետության   տոնին ընդառաջ  Նվարդ Սողոմոնյանի «Օղակ» գրքն էլ նվիրված է խորհրդային  զորքերի եւ ադրբեջանական հատուկ նշանակության  ջոկատների կողմից Արցախի հայաթափման ծրագրին, որը տեղի ունեցավ խորհրդային պետության վերջին երկու տարվա ընթացքում` նախորդելով հանրապետության հռչակմանը:

Պետական մակարդակով կազմակերպվող  միջոցառումների հիմնական մասը տեղի է ունենալու սեպտեմբերի 1- 3-ը:  Վաղը արցախյան դպրոցներում հնչելու է առաջին զանգը. բոլոր կրթօջախներում   ուսումնական տարվա առաջին դասը   կրելու է «ԼՂՀ-ն 25 տարեկան է» խորագիրը:

Սեպտեմբերի 1-ին նախատեսված է պետական պարգեւների հանձնման արարողությունը, հանրապետության նախագահի ընդունելությունը: Օրվա ընթացքում Ստեփանակերտի տարբեր հրապարակներում մարզամշակութային միջոցառումներ են կազմակերպվելու: Դրանք շարունակվելու են նաեւ սեպտեմբերի 2-ին:

Վերածննդի հրապարակից սեպտեմբերի 2-ին  մեկնարկելու է հիշատակի, խոնարհումի եւ հպարտության երթը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր։

Արցախի  Հանրապետության հռչակման 25-ամյակի կապակցությամբ ՀՀ Կենտրոնական բանկը Ստեփանակերտում բացելու է <<Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը>> խորագրով ցուցահանդեսը: Շուշիում նույն օրը նախատեսվում է ուսանողական հանրակացարանային համալիրի բացման արարողությունը:

Ստեփանակերտում երեկոյան տոնական համերգ եւ հրավառություն կլինի: Տոնական միջոցառումների եռօրյա ծրագրի հիմնական  իրադարձություններից մեկը տեղի է ունենալու Քաշաթաղի շրջանում։ Աղավնո գյուղում նոր թաղամասի բացման արարողությունն է նախատեսված:

Տոնական միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքով՝ սրանով սակայն հանրապետության 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը չի սահմանափակվելու:

Այսօր սկսել են Ստեփանակերտ ժամանել արտասահմանցի հյուրերը. նրանց շարքում եւ քաղաքական ճանաչված գործիչներ են, եւ հասարակական շարժումների անդամներ, ովքեր  այս կամ այն կերպ աջակցել եւ աջակցում են Արցախի ազատագրական պայքարին: Նրանցից մեկի հետ`աշխարհահռչակ Քրիս Բոհջալյանի հետ արցախցի գրքասերները կհանդիպեն արդեն ժամեր անց:

Back to top button