Քաղաքական

ՏԻՄ ընտրությունների են գնում կուսակցությունները

Արխիվային լուսանկար

hasmikdilanyan

Ակնկալվող ակտիվություն չկա՝ առաջիկայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քաղաքական  ուժերի մասնակցությունն այսպես է գնահատում ԱԺ ՀՀԿ-խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ  Արայիկ Հովհաննիսյանը: Անպայման մասնակցել ՏԻՄ ընտրություններին, այս սկզբունքով են առաջիկա ընտրություններին թեկնածուներ առաջադրել ԲՀԿ-ն  ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:  ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր հանդես է եկել մեկ ուշագրավ հայտարարությամբ:

 

Սեպտեմբերի 19-ին և հոկտեմբերի 2-ին սահմանադրական փոփոխություններից ու նոր ԸՕ հաստատումից հետո մեր երկրում առաջին անգամ ՏԻՄ ընտրություններ են  անցկացվելու:  2016 թվականի սեպտեմբերի 18-ին  տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80- ում՝ միայն ավագանու, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանը մտահոգ է. նրանք ուսումնասիրել են ու պարզել՝ համայնքի ղեկավարների 70 տոկոսը 50-60 տարեկան տղամարդիկ են: Կանանց ներգրավվածությունը ցածր  է։ «Շատ դեպքերում համայնքը նախընտրում է, որ ղեկավարումը տղամարդու կողմից իրականցվի»,- ասում է Լենա Նազարյանը։

Նույնն արձանագրում է  նաև ԲՀԿ  խմբակցության քարտուղար  Վահե Էնֆիաջյանը: Համայնքներ կան, որտեղ ղեկավարները երկու տասնյակից ավելի տարիներ են ղեկավարում՝  ասում է:  ՀՀԿ-խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ  Արայիկ Հովհաննիսյանը  հակառակն է պնդում՝ կան համայնքներ, որտեղ նախկին թեկնածուներին չեն առաջադրել: Միաժամանակ  ընդգծում ՝   ՀՀԿ-ն  կարևորում է ՏԻՄ ընտրությունները, «վկայությունը՝ այսօր  գործող համայնքների ղեկավարների  75 տոկոսը մեր կուսակցության անդամներն են, ավագանիների անդամների մեծ մասն էլ են մեր կուսակցության անդամներ»:

ՏԻՄ ընտրությունները նաև  կարևորում է ԲՀԿ- ն՝ ասում է ԱԺ- ում կուսակցության խմբակցության քարտուղարը։ Վահե  Էնֆիաջյանը տեղեկացնում է՝  ՀՀ 86 համայնքում ԲՀԿ-ն առաջադրումներ է կատարել:  Առաջադրել են և կուսակցության անդամներին, և անկուսակցականներին, որոնց սատարելու են:  ԲՀԿ- ն որոշել է ՀՀԿ որևէ թեկնածուի  չսատարել:

Back to top button