Հասարակություն

Փշրված կյանքեր՝ հրաշքի սպասումով

alisagevorgyan
Օգոստոսի 30-ը Անհայտ կորածների միջազգային օրն է: Աշխարհում անհետ կորած անձանց թվի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան,  սակայն Կարմիր խաչի միջազգային կազմակերպության տվյալներով՝  նրանք հաշվվում են հարյուր հազարներով։ Արցախյան հակամարտության արդյունքում 1992 թվականից մինչ օրս անհետ կորած է համարվում 4500 մարդ՝ Հայաստանից, ԼՂՀ-ից ու Ադրբեջանից: Օրվա առիթով թեմային այսօր անդրադարձել են Անհայտ կորածների, պատանդների և գերիների պետական միջգերատեսչական  հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի  հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին և անհետ կորած զինծառայող Յուրի Առուստամյանի այրին՝ Զարինե Հակոբյանը:

 

2004 թվականին Ժնևում տեղի ունեցավ առաջին և առայժմ միակ միջազգային համաժողովը նվիրված անհետ կորածներին: Հայաստանն այս համաժողովում ներկայացրած Լարիսա Ալավերդյանն ասում է, որ այդ ժամանակ դիմել է Ադրբեջանի ներկայացուցչին՝ նշելով, որ այս հարցում Հայաստանը պատրաստ է խորքային համագործակցության, խնդրել է շվեյցարական կողմին հանդես գալ որպես միջնորդ, ինչին վերջինը սիրով համաձայնել է: Ադրբեջանցի պատվիրակն ասել է, որ նման առաջարկի արձագանքելու լիազորություն չունի և հարցին կարող է պատասխանել երկու շաբաթ անց: Երկու շաբաթը ձգվում է մինչ օրս: Անհետ կորածների հարցում Ադրբեջանի հետ համագործակցության գրեթե բոլոր նախաձեռնությունները տանում են դեպի փակուղի, չնայած ԿԽՄԿ-ի կողմից հաշվառված շուրջ 4500 անհետ կորածների մեծ մասը հենց Ադրբեջանի քաղաքացիներ են:

ԿԽՄԿ –ի տվյալներով՝ արցախյան հակամարտության արդյունքում Հայաստանում գրանցված անհետ կորած քաղաքացիների թիվը շուրջ 400-ն է: Գրեթե նույնքան Արցախում գրանցվածների թիվն է: Հակամարտության արդյունքում՝ անհետ կորած են համարվում շուրջ 3700 ադրբեջանի  քաղաքացիներ: ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի  հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու վստահեցմամբ՝ չափազանց ծանր և հետևողական աշխատանք է տարվում բոլոր կողմերի հետ: Որոնողական աշխատանքներին զուգահեռ փորձում են լուծել նաև անհետ կորածների ընտանիքների սոցիալան խնդիրները:

Ցավի, վշտի ու  հույսի մի պատմություն է նաև Զարինե Հակոբյանի ընտանիքի պատմությունը: Ամուսինը՝ Յուրի Առուստամյանն ընդամենը 35 տարեկան սպա էր, երբ Կապանի թիվ վեց ջոկատի կազմում մարտնչում էր Արցախում: 1994 թվականի հունվարի 7-ից ընտանիքը նրանից լուր չունի:

Պատմում են, որ Հայրենական պատերազմի տարիներին անհետ կորածների հարազատները հաճախ ջուր էին ցողում նրանց կոշիկներին, որպեսզի թարմ վիճակում պահեն, արդուկած ու մաքուր էին պահում նրանց շորերը, որպեսզի հագնեն, երբ տուն վերադառնան, իսկ ճաշի սեղանին անհետ կորած հարազատի  համար անպայման սպասք էին դնում: Հրաշքի սպասումն այս ընտանիքներում ապրելակերպ էր դառնում: Մեր կողքին ևս հրաշքի սպասող ընտանիքներ են ապրում։

Back to top button