Միջազգային

Իտալիայում այսօր համազգային սուգ է հայտարարված

Երեքշաբթի Իտալիայում ազգային սուգ է հայտարարված՝ կապված Ամատրիչե քաղաքում (Լացիո շրջան) երկրաշարժի զոհերի հուղարկավորությունների հետ։

Ինչպես ասվում է կառավարության մամլո ծառայության հաղորդագրությունում, համապատասխան կարգադրությունն արել է երկրի վարչապետ Մատեո Ռենցին, որը, ինչպես սպասվում է, ներկա կլինի զոհերի հրաժեշտի արարողությանը։ Սգո օրվա առիթով բոլոր պետական հաստատությունների շենքերի դրոշները կիջեցվեն։

Իտալիայում մինչ այս սգո օր էր հայտարարվել շաբաթ օրը, երբ Մարկե շրջանում հրաժեշտ են տվել փոքր քաղաքներ Արկուատա-դել-Տրոնտոյի և Պեսկարա-դել-Տրոնտոյի 49 զոհերից 35-ին։

Նշենք, որ «Սինհուա» գործակալության հաղորդմամբ, Իտալիայում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 292-ի:

Նշվում է, որ երկրաշարժից ամենից շատ տուժած Ամտրիչե քաղաքում տների փլատակների տակից փրկարարներն այսօր հանել են ևս երկու մարդու դի: Այդ շրջանում զոհերի թիվը հասել է 231-ի: Եվս տաս մարդ անհետ կորած է համարվում:

Back to top button