Մշակույթ

Բացվել է Ջիվանու տուն-թանգարանը

Ջավախքի Կարծախ գյուղում օգոստոսի 27-ին նշվել է աշուղ Ջիվանու 170-ամյակը, բացվել է աշուղի տուն-թանգարանը: Այս մասին տեղեկանում ենք javakhq.info կայքից:

Կարծախ գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ, որն էլ ազդարարել է Ջիվանու 170- ամյակին նվիրված տոնակատարության մեկնարկը։

Այս տարին տարբերվել է մնացած բոլոր տարիներից, քանի որ վերջապես Ջիվանու հայրեին Կարծախ գյուղում վերակառուցվել և բացվել է Ջիվանու տուն-թանգարանի ցուցասրահը։ Աշխարհի տարբեր երկրներից և քաղաքներից, ինչպես նաև Ջավախքի տարբեր շրջաններից հյուրեր էին ժամանել  Ջիվանու հայրենիք:

Ջիվանու տունը թանգարան դարձնելու նպատակով «Ջավախքին աջակցություն» հիմնադրամ է տրամադրել Ջիվանու ծոռ Սպարտակ Բանգոյանը։ Թանգարանի բացումը ազդարարող ժապավենը կտրելու պատվին արժանացել են Սպարտակ Բանգոյանը,  «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախագահ Սոս Սահակյանը և Վրաստանի խորհրդարանում Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը։ Պաշտոնական բացումից հետո տեղի է ունեցել նաև տուն-թանգարանի օծման արարողությունը։

Ախալքալաքի շրջանիային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի խոսքով, օրը պատմական նշանակություն ունի ամբողջ հայության և ջավախահայության համար. «Երբ Կարծախ գյուղում վերանորոգվեց Սուրբ Կարապետ եկեղեցին, միտք առաջացավ հաջորդիվ վերանորոգել Ջիվանու տուն-թանգարանը, որտեղ նա ծնվել և կայացել է որպես աշուղ։ Ջիվանին այն մեծություններից է, ով իրավունք ունի այսպիսի տուն-թանգարան ունենալ։ Թանգարանի բացումը մեծ նշանակություն ունի ոչ միայն համայնքի, այլև ամբողջ հայության համար»,- ասել է նա։

«Տուն-թանգարանը կունենա մշտական աշխատող և յուրաքանչյուր օր կընդունի աշխարհի տարբեր երկրներից ժամանած մշակութասեր հասարակությանը», -տեղեկացրել է Ջավախքին աջակցություն հիմնադրամի նախագահ Սոս Սահակյանը:

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտքարտուղար,  երաժշտագետ արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանը ծանոթացրել է թանգարանում տեղ գտած ցուցանմուշներին։ Նրա խոսքով,  ցուցասրահը համալրելը շատ դժվար է եղել, քանի որ ի սկզբանե Ջիվանիից եղել է ընդամենը 9 նկար, սակայն մնացել էր ամենակարևորը՝ Ջիվանու տունը։

«Ցավոք, անձնական իրերը չեն պահպանվել, այդ իսկ պատճառով մենք հանգամանորեն ուսումնասիրեցինք Ջիվանու գործունեությունը, որպեսզի կարողանանք ազգային սեփականություն դարձնել աշուղի տառապանքով ու փառքով լի ուղին»,-նշել է նա։

Թանգարանին ծանոթանալուց հետո հավաքվածները տեղափոխվել են գյուղի հարակից բարձունք, որտեղ սկսվել է միջոցառման համերգային մասը։

Միջոցառման ավարտին Ջավախքին աջակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը հայտարարել է, որ արդեն նվիրատվություններ են արվել թանգարանի երկրորդ մասի վերականգման համար և աշխատանքները չեն դադարեցվի։

«Սկսելու ենք վերանորոգել հին տան հատվածը, կահավորել այդ ժամանակին հատուկ հին կահույքով, աշխատանքները շարունակվում են նաև բովանդակային իմաստով, քանի որ ցուցասրահի համար իրեր հավաքագրելու ընթացքում հասկացանք, որ ամեն օր նոր Ջիվանի է բացահայտվում։ Ջիվանին մինչև վերջ ուսումնասիրված չէ, կան բազմաթիվ անհայտ գործեր, որոնք կվերականգնենք և կյանքի կկոչենք»,-նշել է նա և հավելել, որ թանգարանը կհետաքրքրի հատկապես երիտասարդ աշուղագետների և գրաանագետների, ինչպես նաև ամբողջ աշխարհից ժամանած զբոսաշրջիկների։

Back to top button