Քաղաքական

ՀՀ և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում դեռևս հաստատված չէ. Էդուարդ Շարմազանով

Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաստատված օրով և ժամով հանդիպում նախատեսված չէ:  ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք առաջիկայում նախատեսված է երկու երկրի նախագահների հանդիպում:

«Հայկական կողմերը՝ ԼՂՀ-ն և ՀՀ-ն, մշտապես կողմակից են եղել բանակցություններին, որ խնդիրը բացառապես լուծվի խաղաղ ճանապարհով, բայց բանակցությունները  կարող են նոր թափով վերսկսվել, եթե կողմերը 1994-95 թվականների զինադադարի պայմաններն ամբողջությամբ կիրառեն, ինչպես նաև իրականացվեն Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հետաքննության վստահության մեխանիզմների ներդրում, ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի լիազորությունների, աշխատակազմի ընդլայնում: Քանի դեռ կողմերը դա չեն ավարտել, կարծում եմ, մշուշոտ է պատկերացնել, որ բանակցային գործընթացում մեծ թափ, նոր առաջընթաց կլինի»,- ասել է  Շարմազանովը:

Ինչպես հայտնում է panorama.am-ը՝ ՀՀԿ մամուլի խոսնակը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀԿ նիստի ընթացքում ներկայացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտասահմանյան վերջին այցերի՝ ՌԴ և Բրազիլա, արդյունքները:

«Նախագահը Մոսկվայում հանդիպել է նախագահ Պուտինի հետ: Ընդհանուր առմամբ, դրական, արդյունավետ ենք գնահատում երկու նախագահների հանդիպումը թե հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացման առումով, թե ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ասել է Շարմազանովը:

Back to top button