Սպորտ

Ըստ «Ժառանգության» Հայաստանում քաղաքական դաշտի լուստարացիա տեղի ունեցավ

karenghazaryan

«Սասնա ծռեր»-ի գործունեությամբ ցնցվեց քաղաքական դաշտում ստեղծված իշխանական ճահիճը,  Հայաստանում լուստրացիա տեղի ունեցավ եւ ստեղծվեց մի իրավիճակ, երբ քաղաքական ուժերի մի մասը չգիտես որ անկյուններն անցան: Այս դիտարկումն այսօր արել է  «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը: Նա  իր կուսակից Հովսեփ Խուրշուդյանի հետ մանրամասներ է ներկայացրել հուլիսին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ անդրադառնալով իրենց ձերբակալության հանգամանքներին եւ խոսելով իրենց հետագա քաղաքական պայքարի մասին:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը, խոսելով հուլիսի 29-ին Սարի թաղում ծավալված գործողությունների արդյունքում իրենց ձերբակալության մասին, համոզմունք հայտնեց, որ իրենց անհիմն մեղադրանքներ են առաջադրվել: Իրենք որեւէ զանգվածային անկարգություն չեն կազմակերպել։ «Մեզ տեղեկություն հասավ, որ ՊՊԾ գնդում ակտիվ կրակահերթեր են և վիրավորներ կան եւ մենք գնացինք Սարի թաղ, որպեսզի կարողանանք հանդարտեցնել վիճակը: Մի քանիսը ելույթներ ունեցան, ոստիկանների հետ բանակցություններ եղան, որ հանկարծ չկրակեն՝ մենք ներքեւ չենք իջնելու, որովհետեւ մենք գիտեինք, որ  կրակելու էին խաղաղ ցուցարարների վրա»:

Խոսելով հավաքների ընթացքի մասին՝ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ հիմնականում ձերբակալվել և կալանավորվել են այն մարդիկ, ովքեր զանգվածային միջոցառումների կազմակերպիչներ էին, որոնց նպատակը խաղաղեցնելն ու նոր այրունահեղություններ թույլ չտալն էր:

Արձագանքելով հարցին, որ Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ոստիկանական համակարգում պաշտոնանկություններ արվեցին՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ դրանք իրենց չեն բավարարում:

Բանախոսները նաեւ նշեցին, որ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում իրենց նկատմամբ վերաբերմունքը նորմալ է եղել՝ օրենքի շրջանակներում: Հարցին, որ հավաքի կազմակերպիչ անձինք արդեն ազատության մեջ են, ինչպե՞ս են շարունակվելու և կազմակերպվելու հավաքները, և արդյո՞ք հասարակությունը կրկին փողոց դուրս կգա, քանի որ ՊՊԾ գնդի ազատումից հետո մարդիկ փողոց դուրս չեն գալիս, Դավիթ Սանասարյանը նախ հիշեցրեց, որ այսօր էլ հանրահավաք կա «Ազատության» հրապարակում, որի ընթացքում, հավանաբար, հայտարարություններ կարվեն եւ այդ ամենը կքննարկվի, ապա հավելեց. «Այդտեղ օբյեկտիվ բան կա. «Սասնա Ծռեր»-ը գնդում էին եւ  մարդիկ անհանգստանում էին, որ վտանգ էր սպառնում նրանց: Փողոց դուրս չգալուն նպաստում է նաև շոգը, հանգստի սեզոնը, բայց, ես վստահ եմ, որ երբ քաղաքական խորհուրդը եւ այլ քաղաքական ուժեր այս խնդրի շուրջ լուծումներ ներկայացնեն, քաղաքացիները նորից կլինեն հրապարակում: Այնպես որ, ես չեմ ուզում շատ ողբերգական բան տեսնել այդտեղ, որ մարդկանց մոտ պայքարի ժամանակավոր դադար կա»:

Արձագանքելով «Ժառանգության»՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելուն վերաբերող հարցին՝ կուսակցության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ այսօր նիստ է գումարվելու, որից հետո միայն այդ մասով շատ հարցերի պատասխանները պարզ կլինեն: Այդ թվում՝ պատասխան կտրվի հարցին, թե չմասնակցելու դեպքում որ քաղաքական ուժին կսատարի «Ժառանգությունը»:

Back to top button