ԿարևորՔաղաքական

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է. ԼՂՀ ՊՆ

Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ կա, ավելին՝ այն բարձր է։ Այդ մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը  REGNUM գործակալությանը տված հարցազրույցում, գրում է  tert.am-ը։

«Իհարկե, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ կա, ավելին՝ այն բարձր է: Հակառակորդի ներկայիս պահվածքը թույլ է տալիս գալ եզրակացության, որ նա դեռ ամբողջությամբ չի հրաժարվել իր մտադրություններից: Այդ պատճառով ապագայում ցանկացած պահի հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում: Այնուամենայնիվ, ապրիլյան պատերազմը որոշ զսպող ազդեցություն է թողել հակառակորդի վրա: Դա երևում է նաև նրանց հայտարարություններից. եթե նախկինում նրանք ասում էին, որ հաղթանակ կտանեն երեք օրվա մեջ, այժմ նման հայտարարություններ այլևս չեն հնչում, և ես հուսով եմ, որ նրանք ընդհանրապես կհրաժարվեն իրենց մտադրությունից»,- ասել է Լևոն Մնացականյանը:

Նախարարը, պատասխանելով Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքների մասին հարցին, հայտարարել է, որ «եթե Ադրբեջանը հարված հասցնի Ստեփանակերտին, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»: «Թե ինչ միջոցներ՝ թող նրա համար գաղտնիք մնա: Պարզապես պատասխանն անհամեմատելի կլինի»,- ասել է նա:

Լևոն Մնացականյանը հայտնել է նաև, որ մեծ քանակությամբ աշխատանք է կատարվել Լեռնային Ղարաբաղում բոլոր ուղղություններով՝ և՛ վերապատրաստման, և՛ տեխնիկական վերազինման, և՛ նոր սպառազինության ձեռքբերման ուղղությամբ, և այդ գործընթացը դեռ շարունակվելու է:

«Այդ ամենի համար մենք ունենք նյութական միջոցներ, և դրանք ներդրվում են: Ավելին, մենք ներդնում ենք շատ ավելի մեծ գումարներ, քան դուք նշել եք ձեր հարցում»,- ասել է նախարարը՝ պատասխանելով ապրիլյան պատերազմից հետո սփյուռքի միջոցով հավաքված 8 միլիոն դոլարի ներդրման մասին հարցին:

«Ինչ վերաբերում է այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցներին, նրանց օգնությունը, իհարկե, դրական է ազդել մեր հնարավորությունների վրա: Մենք իսկապես միջոցների զգալի հոսք ենք ստացել»,- ասել է նա:

Խոսելով քառօրյա պատերազմի կորուստների մասին՝ Լևոն Մնացականյանն ասել է. «Իսկ ո՞վ է ասել, որ կորուստները մեծ են: Բնականաբար, մեզ համար յուրաքանչյուր կորուստ կարևոր է, և մենք անթույլատրելի ենք համարում ցանկացած կորուստ: Բայց ռազմական գործողությունները դրանով էլ դաժան են, որ դրանց հետևանքով լինում են ինչպես անձնակազմի, այնպես էլ նյութական սեփականության կորուստներ: Այդ պատճառով խոսել այն մասին, թե շատ կամ քիչ են եղել կորուստները, և ընդհանրապես նման գնահատականներ տալը սխալ է… Ինչ վերաբերում է հարձակվող ադրբեջանական զորքերին, նրանց կորուստները մի քանի անգամ գերազանցում են մեր կորուստները: Եվ դա՝ հաշվի առնելով այն, որ նրանք օգտագործել են հանկարծակիության գործոնը և էլիտար ստորաբաժանումներ: Այդ պատճառով, ես կարծում եմ, որ ԼՂՀ պաշտպանության բանակն իր խնդիրը պատվով է կատարել: Եվ հակառակորդը հասկացել է, որ նրա հետագա հարձակողական բոլոր գործողությունները կավարտվեն ձախողմամբ»:

Խոսելով հետախուզության մասին՝ Լևոն Մնացականյանը նշել է, որ հակառակորդի գործողությունների մասին որոշակի տեղեկություն հայտնի է եղել, և իրականացվել են նախապատրաստական որոշակի քայլեր: Այդ պատճառով հետախուզության գործողությունները ձախողված չի կարելի անվանել, ասել է նա:

Այնուամենայնիվ, հայտնի չի եղել հարձակման նման մասշտաբների մասին: «Այդ առումով որոշակի բացթողումներ եղել են: Մենք չէինք սպասում շփման գծի ողջ երկայնքով հարված: Դրա հետևանքով մենք կորցրինք որոշ հենակետեր, սակայն դա փաստացիորեն չազդեց ԼՂՀ ՊԲ հնարավորությունների վրա: Զորքերը շարունակում են ամբողջությամբ կատարել իրենց խնդիրներն առաջնագծում: Իհարկե, լավ կլիներ, եթե այդ դիրքերը նույնպես չկորցնեինք: Այնուամենայնիվ, այն կարճ ժամանակում, որ կար մինչև հրադադարը, մենք զգալիորեն վերականգնել ենք կորցրած դիրքերը: Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, մենք ավելի լայն հնարավորություններ կունենայինք: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ այդ աննշան կորուստներն անվերադարձ են, և ես համոզված եմ, որ մենք դեռ հնարավորություններ կունենանք մեր կորցրած դիրքերը վերականգնելու համար»,- ասել է նախարարը:

Back to top button