Հասարակություն

Աշակերտը պետք է հավատա, որ դպրոցի գիտելիքներով հնարավոր է բուհ ընդունվել

karenghazaryan
Ավագ դպրոցների ուսումնական պլաններում կատարված փոփոխություններին անդրադառնալով՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այսօր շեշտել է, որ նպատակը կրթության որակի բարձրացումն է եւ սովորողների մոտ դպրոցի նկատմամբ հավատի ամրապնդումը՝ աշակերտը պետք է հավատա, որ դպրոցի գիտելիքներով հնարավոր է բուհ ընդունվել: Մեր գործընկեր Կարեն Ղազարյանը փոփոխությունների հետ կապված լսել է նաեւ ծնողների եւ կրության փորձագետ Անահիտ Բախշյանի տեսակետը:

 

Հանրակրթության ոլորտի հիմնական փոփոխություններն առնչվում են ավագ դպրոցին: 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում երեխան հնարավորություն կունենա այսուհետ ուսումնասիրել իր կողմից ընտրած երեք հիմնական առարկա, որոնցով էլ կշարունակի հետագա ուսումնառությունը՝ մասնակցելով միասնական քննություններին: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասաց, թե այս փոփոխությունը պայմանավորված է նաեւ աշակերտների, ծնողների պահանջով:

Նարինե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հնարավորություն կտրվի նաեւ, որ 12-րդ դասարանի աշակերտները դեկտեմբեր ամսին հանձնեն այն քննությունները, որոնք միասնական կարգով չեն հանձնելու: Փոփոխություններ կլինեն նաեւ ավարտական քննությունների մասով՝ կլինեն կրճատումներ: Նախկին 6-ի փոխարեն ավարտողները կհանձնեն 3 ավարտական քննություն:

«Հիմա վերջնական քննարկվում են այդ հարցերը: Հնարավոր է, որ կմնան միայն «Մաթեմատիկա», «Հայոց լեզու» եւ «Հայ ժողովրդի պատմություն» առարկաները»:

Հանրակրթության վարչության պետի խոսքով՝ փոփոխություններով կրկնուսույցների դեմ պայքարի խնդիր իրենք չեն դրել: Պարզապես, փոփոխությունների նպատակն այն է, որ ճկուն պլան լինի: Մենք ասում ենք՝ եկեք սովորեք, գիտելիքներ ձեռք բերեք եւ ընդունվեք բուհ՝ ասաց Նարինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ սովորողները պետք է հավատան, որ դպրոցի գիտելիքներով կարող են բուհ ընդունվել:

Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի գնահատմամբ՝ ոլորտի յուրաքանչյուր փոփոխություն պետք է հիմնավորվի: Նա նկատեց, որ երբեմն փոփոխություններ են կատարվել զուտ պոպուլիստական դրդումներով: Մինչդեռ, դրանք պետք է բխեն հանրակրթության առջեւ դրված պահանջներից:  Տվյալ դեպքում, ոլորտի փորձագետի գնահատմամբ, առաջարկվող փոփոխություններով որոշակի առումով դրական իմաստով իրավիճակ փոխվում է:

Ի՞նչ են մտածում ծնողները հանրակրթության ոլորտի այս նոր փոփոխությունների մասին: Միասնական քննությունների համար երեք առարկա ընտրելու հնարավորությունը ողջունվում է:

Միաժամանակ, հնչեց նաեւ կարծիք, որ  12-ամյա կրթությունն ինքը չարդարացված ժամանակի կորուստ է:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի խոսքով՝ 12-ամյա կրթության հայեցակարգում դրված նպատակները շատ ճիշտ էին: Այն է՝ օգնել հիմնական դպրոցից հետո աշակերտներին կողմնորոշվելու հարցում:

Այլ հարց է, որ ընդունված ռազմավարությունից հետո մեր ունեցած ավագ դպրոցները, կարծրատիպերին հարազատ մնալով, չապահովեցին անհրաժետ ճկունությունը, չբխեցին երեխաների շահերից եւ ունեցանք այն, ինչ ունեցանք՝ եզրափակեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Back to top button