Հասարակություն

Տավուշի մարզում ապօրինի 182 ծառ է հատվել.հարուցվել է քրգործ

Օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչի վարույթին հանձնված՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի» անտառտնտեսություն մասնաճյուղի «Իջեւան», «Այգեհովիտ», «Գանձաքար» եւ «Խաչարձան» անտառպետություններում նշանակվել են ստուգումներ՝ քննությանը հետաքրքրող մի շարք հարցերի պարզաբանման համար:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ ՊՈԱԿ-ի «Իջեւանի» անտառտնտեսություն մասնաճյուղի առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետեւանքով հիշյալ անտառպետություններում քննությանը դեռեւս չպարզված անձանց կողմից ապօրինի հատվել են 182 ծառեր: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի» անտառտնտեսություն մասնաճյուղի «Իջեւան», «Այգեհովիտ», «Գանձաքար» եւ «Խաչարձան» անտառպետություններում ստուգումներով արձանագրված՝ պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառած ապօրինի ծառահատումների եւ նույն ՊՈԱԿ-ի «Իջեւանի» անտառտնտեսություն մասնաճյուղի առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Back to top button