Քաղաքական

Որեւէ մեկը չի պատրաստվում տարածքներ զիջել.Գառնիկ Իսագուլյան

karenghazaryan
 Միակողմանի տարածքներ զիջելու մասին խոսակցությունները բացարձակապես իրականության հետ կապ չունեն: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ԼՂ հարցի շուրջ առկա մտահոգություններին: Ըստ նրա՝ տարածքներ զիջելու վերաբերյալ արտահայտվող մտահոգությունները պարզապես շահարկումներ են:

 

Ընդհանրացնելով ԼՂ հարցով 88-ից ի վեր տեղի ունեցած զարգացումները՝ Գառնիկ Իսագուլյանը նկատեց, որ 94-ի զինադադարից հետո տարբեր ձեւաչափերով բանակցությունների ժամանակ միշտ էլ դրվել է տարածքային հարց:

«Այդ տարածքային հարցը, ցավոք սրտի մեր քաղաքագետների, քաղտեխնոլոգների, քաղաքական գործիչների  կողմից մեկնաբանվել է, որ եթե խոսում են տարածքների մասին, ապա դա նշանակում է, որ հայկական կողմը միակողմանի պատրաստ է տարածքներ զիջելու»:

Դա իրականության հետ բացարձակապես կապ չունի՝ վստահեցրեց բանախոսը: Ադրբեջանի կողմից օկուպացված մի շարք տարածքներ կան եւ երբ խոսվում է տարածքների մասին, ո՞վ է ասում, որ դա չի նշանակում, որ պետք է վերադարձվեն ընդհակառակը՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքները: Գառնիկ Իսագուլյանը տարածքներ հանձնելու մասին դիտարկումներին ի պատասխան հետեւյալ տեսակետը հայտնեց.

«Ինչքան էլ տարօրինակ է, տարածքներ միակողմանի հանձնելու մասին ամենաշատը խոսում են նրանք, ում գուցե թե ձեռնտու է, որ այդ տարածքները հանձնվեն»:

Բանախոսի գնահատմամբ՝ ո՛չ ԼՂՀ նախագահի, ո՛չ ԼՂՀ-ն ներկայացնող որեւէ պաշտոնական ներկայացուցչի ելույթի մեջ տարածքների զիջման մասին խոսք չկա: Խոսվում է փոխզիջումների մասին, որտեղ, Իսագուլյանի ձեւակերպմամբ, դժվար է ասել՝ ինչ ասել է «փոխզիջում», այս բանաձեւը երբեք չի բացվել: Այն, որ ԼՂՀ-ն բանակցություններին մաս չի կազմում եւ ՀՀ-ն է «փոխարինում» ԼՂՀ-ին՝ Գառնիկ Իսագուլյանի համար խնդիր չէ եւ որեւէ նշանակություն չունի: Ավելին, նրա գնահատմամբ, առավել խորքային նայելով խնդրին՝ կարելի է միանշանակ ասել, որ տվյալ ձեւաչափը շատ ավելի ձեռնտու է հայկական կողմին: Իր այս համոզմունքը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը այսպես հիմնավորեց:

«Ցանկացած օր, անկախ նրանից, թե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ կարող են պայմանավորվել, ԼՂՀ-ն միանշանակ կարող է հայտարարել, որ Հայաստանը չի արտահայտում ԼՂՀ տեսակետը, կամ՝ այն ինչին համաձայնել է Հայաստանի Հանրապետությունը, դրան համաձայն չէ ԼՂՀ-ն»:

Իսագուլյանն անտեղի ու անազնիվ է համարում թեմաները շահարկելն՝ առանց խնդրի մեջ խորանալու: Որեւէ մեկը չի պատրաստվում տարածքներ զիջելու՝ շեշտեց նա: Նրա խոսքով՝ Հայաստանը որեւէ փաստաթղթի տակ չի ստորագրել, բացառությամբ 94-ի հրադադարի պայմանագրի: Մնացածը, նրա խոսքով, եղել են սեղանին դրվող ինչ-որ սկզբունքներ որպես բանակցությունների հիմք, եւ չկա որեւէ փաստաթուղթ, որտեղ լինի Հայաստանի ստորագրություն՝ որպես այդպիսին, թե պարտավորվում է գրվածը կատարել: Նա վստահեցրեց նաեւ, որ որեւէ մեկը զիջումներ չի կարող պարտադրել, իսկ դրա համար էլ անհրաժեշտ է, որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն տնտեսապես ու քաղաքական առումով ուժեղ լինեն, ունենան լավ բանակ:

Back to top button