Սպորտ

Միհրան Հարությունյանը կպարգևատրվի որպես ոսկե մեդալակիր

Ռիո-2016-ին 66 կգ քաշային կարգում արծաթե մեդալի արժանացած հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Հայաստանում կպարգևատրվի օլիմպիական ոսկե մեդալակրին համարժեք, իսկ բողոքարկման հարցը դեռ պարզ չէ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Ինչպես ամբողջ միջազգային հանրության, հեղինակավոր լրատվամիջոցների, այնպես էլ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ու նրա նախագահի համար Միհրան Հարությունյանը հաղթող է և ոսկե մեդալակիր: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում ունի, որ Հայաստանում Միհրան Հարությունյանին դիմավորելու և պարգևատրելու են որպես ոսկե մեդալակրի: Խոսքը և՛ գումարային պարգևի մասին է, և՛ մնացած արտոնությունների»,-ասել է Տոնոյանը:

Հարցին, թե Միհրան Հարությունյանի նկատմամբ մրցավարական կազմի վարվելակերպը բողոքարկվելո՞ւ է և ինչպե՞ս է ընթացակարգը, Իվետա Տոնոյանն ասել է, որ ինքն այս պահի դրությամբ տեղեկություն չունի. «Այս պահին Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, ինքս նույնպես գտնվում եմ արձակուրդում, և այդ առնչությամբ դեռևս տեղեկություն չունեմ»:

Նշենք նաև, որ Ռիո 2016-ին Հայաստանի օլիմպիական հավաքականը նվաճել է չորս մեդալ` մեկ ոսկի և երեք արծաթե: Մեդալները, համապատասխանաբար նվաճել են ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը:

Back to top button